Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 — Հը՞, վարպետ, իրիկունը լա՞վ ընթրեցիք։ Բայց ձեր երեխեքը բավական չարություն են անում․․․

— Չէ՛, էնքան էլ չար չեն, տեսեք, ի՜նչ խելոք շարված են։

Պատասխանում է վարպետը ու ցույց է տալիս պատի կողմը, իսկ պաշարեղենի զամբյուղը, ճիշտ որ, դատարկ է։

Հարևանները գլուխները տրաքեցնում են, հազար ու մի ենթադրություններ են անում, ոչ մի կերպ չեն կարողանում իմանալ Խորհրդավոր վարպետի գաղտնիքը։

Ցերեկով մտիկ են անում՝ մի խեղճ մարդ է, մի փոքրիկ նեղ խանութում, գլուխը կախ իր բանի վրա։ Ո՞րտեղից է սա էսքան փող աշխատում, էսքան ուտելիք առնում, և ո՞ւր է գնում էս ամենը․․․ ի՞նչ է նշանակում էս աղմուկն ու շրխկոցը, որ լսվում է գիշերները։

Մտածում են՝ դռանը մի ծակ շինեն, որ էնտեղից գուցե մի բան տեսնեն, էն էլ չեն կարողանում։ Դուռը, որ թվում էր, թե փտած տախտակից է— ոչ մի բուրղու չի մոտ թողնում։

Զարմացած հարցնում են․

— Վարպետ, քո դուռն ի՞նչից է շինված։

— Պանրից։

— Հապա ինչո՞ւ չես ուտում։

— Ես պանիր չեմ սիրում։

— Է՜, վարպետ, ինչո՞ւ ես մեզ խաբում։

Իսկ վարպետը իր բռնոթին է քաշում ու խնդում։

Վերջապես խաբարը գնում է հասնում իրեն՝ թագավորին։

Թագավորը բարկանում է։

— Հա՞, ո՞նց թե իմ փորն էլ թագավորի փորի նման փոր է․․․

Հրամայում է, որ մթերավաճառները ամենավատ մթերքները տան հանդուգն վարպետին։ Ու թագավորի հրամանը դուրս եկած օրից վարպետը պետք է էն տեսակ միս ուտեր, որ շունն էլ չէր ուտիլ, հոտած ձուկը, որդնած պանիր ու փտած պտուղներ։

— Հը՞, գոհ ե՞ս, թե չէ, վարպետ,— ծաղրելով հարցնում են վաճառողները։

277