— Ի՞նչպես ազատեմ։
Վարպետը թե՝
— Դրա համար միայն մի ճար ու ճանապարհ կա․ ամուսնացնել էս երկուսին իրար հետ։
Թագավորն աղջկա սիրուց հոժարում է, բայց մտքումն ասում է՝ թող մի էս փորձանքն անց կենա, ես հետո սրան ցույց կտամ։
Սրա վրա թագավորի աղջիկը լավանում է։
Թագավորը վարպետին ասում է․
— Ո՞ւր է քո Շաղափը, դե բեր, պսակենք իմ աղջկա հետ։
Վարպետն ասում է․
— Թագավորն ապրած կենա, իմ Շաղափը առայժմ ցերեկով մնալու է իսկական շաղափ և միայն գիշերներն է տղա դառնալու, ինչպես որ նախասահմանված է նրա համար։
— Էդ առայժմ, իսկ հետո՞։
— Հետոն էլ հետո կտեսնենք, ինչ որ աստված կկամենա։
— Ուրեմն, առայժմ ամուսնության մասին չի կարող խոսք լինել։
— Ձերդ մեծությունը ինչպես որ կկամենա։
Էսպես մի քանի տարի անց է կենում։ Թագավորը շատ է ուրախանում, որ իր աղջկա և Շաղափի ամուսնությունը միշտ հետաձգվում է։ Եվ սիրում է վարպետին ձեռք առնել։
— Հը՞, ո՞նց ես, խնամի վարպետ, ախար բացի շաղափից էլ քեզ գործիք չի մնացել, ո՞նց ես աշխատում, ո՞նց ես ապրում։ Ինքդ լավ ապրուստի սովոր, մանավանդ փորդ էլ նույն փորն է, ինչ որ․․․
— Ի՞նչ ապրուստ, ի՞նչ աշխատանք, Ձերդ մեծություն, ամբողջ օրը նստած տղիս հեքիաթ եմ պատմում։ Հիմի էս եմ շինել իմ բան ու գործը։ Երեկ էլ մի շատ լավը պատմեցի։ Արդյոք Ձեր մեծությունը հեքիաթ չի՞ սիրում, չէ՞ր կամենա մի լավը պատմեմ՝ լսեր։
— Ինչու չէ․ համեցեք, պատմիր, կլսեմ։
— Ձերդ մեծություն, ժուկով—ժամանակով եղել է, չի եղել, եղել է ձեզ նման մի թագավոր, ունեցել է երկու որդի,
282