Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոմանք վատ են լսում, ոմանք բոլորովին չեն լսում, սրանից հազար ու մի թյուրիմացություններ են առաջ գալիս, իսկ թյուրիմացություններից զանազան տուրուդմփոցներ են պատահում։ Ոստիկանությունը միանգամայն գլուխը կորցնում է, հա՛յ դես է վազում, հա՛յ դեն է վազում։ Եվ որովհետև, թագավորին մոտ լինելով, տերության մեջ ամենախուլ մարդիկն էլ ոստիկաններն էին, ճշմարտությունը չեն կարողանում լսել, միշտ մեղավորների կողմն են պահում ու արդարներին բռնում, բանտերն են լցնում։

Թագավորը քանի գոռում է՝

— Արդարադատ եղե՛ք, արդարադատ եղե՛ք,— Էնքան ավելի ու ավելի են նրանք խլանում ու ավելի մեծ անիրավություններ են անում։

Մի անգամ թագավորի պալատի առջև կանգ է առնում մի ջահել անծանոթ ու գոռում է․

— Ձենի դեղ եմ ծախո՜ւմ, ձենի դեղ եմ ծախո՜ւմ։ Ով ձեն ունի, կկտրի, ով չունի, կգտնի։ Ա՛յ ձենի դե՜ղ, ա՛յ լավ ձենի դե՜ղ․․․

Որոտ թագավորը որ լսում է, կարծում է թե իրեն ծաղրում են, հրամայում Է բռնեն մոտը բերեն էն լրբին։

Երբ բռնում են, ներս են բերում պալատը, բարկացած որոտում է․

— Էդ ի՞նչ էիր գոռում դու իմ պալատի առջև։ Ի՞նչ ձենի դեղ ես ծախում․․․ Ցո՛ւյց տուր հապա, տեսնեմ ո՞րն է քո ձենի դեղը․․․

— Ահա իմ ձենի դեղը, թագավորն ապրած կենա։ Համեցեք փորձիր, տե՛ս՝ ճշմարիտ եմ ասում, թե՞ չէ։

Ասում է անծանոթն ու իր արկղից մի տեսակ մանր հաբեր է հանում, դնում թագավորի սեղանի վրա։

Թագավորը նայում է սրան, ոտից գլուխ չափում։ Շորերին է նայում, տղա է, բայց դեմքը, շարժմունքը, ձենն ու քնքշությունը միանգամայն կանացի են։

— Անունդ ի՞նչ է։

— Անունս Անլեզու է։ Իհարկե, տեսնում ես, թագավո՛ր, որ մի քիչ սխալ անուն են տվել ինձ։ Գուցե ավելի պատշաճ էր, որ Երկար լեզվանի կոչեին․ բայց եղածը եղած է․․․