Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

- Ես էն էի ուզում քեզ հարցնեմ, նանի՛ ջան, ինչ որ աչքով տեսել եմ։ Էստեղ գալիս՝ ճամփին մի ձիավոր ընկավ աչքովս, ինքը՝ սիպտակ, հագինը՝ սիպտակ, տակինը՝ սիպտակ․ էն ո՞վ է էն ձիավորը, նանի՛ ջան։

- Էն իմ պայծառ օրն է,- պատասխանում է Կախարդը։

- Հետո տեսա մի ուրիշ ձիավոր․ ինքը՝ կարմիր, հագինը՝ կարմիր, տակինը՝ կարմիր․ է՞ն ով է։

- Էն էլ իմ կարմիր արևն է։

- Իսկ էն սև-սև ձիավորն ո՞վ է, որ քո դարպասի դռանը վրա հասավ, ինքը՝ սև, հագինը՝ սև, տակինը՝ սև։

- Էն էլ իմ մութը գիշերն է։ Երեքն էլ իմ հավատարիմ ծառաներն են։

Վասիլիսան էստեղ հիշում է երեք ջուխտ ձեռներն ու լռում։

- Էլ ինչո՞ւ չես բան հարցնում։

- Էս էլ հերիք էր, նանի՛ ջան։ Չէ՞ դու ինքդ ասիր՝ թե որ շատ իմանամ, շուտ կպառավեմ։

- Լավ ես անում, որ էն ես հարցնում, ինչ որ դուրսն ես տեսել, էն չես հարցնում, ինչ որ ներսն ես տեսել։ Ես չեմ սիրում, որ իմ տան աղբն ու կեղտը դուրս են հանում, ու շատ հետաքրքիրներին ուտում եմ։ Դե կա՛ց, հիմի էլ ես քեզ հարցմունք անեմ։ Դու էդ ինչպե՜ս ես կարողանում անել ու հասցնել էսքան գործը, որ ես քեզ հանձնարարում եմ։

- Իմ մոր օրհնանքն ինձ օգնում է, նանի՛ ջան,- պատասխանում է Վասիլիսան։

- Ո՞նց թե․․․ դու օրհնած ես, հա՜․․․ Դե էստեղից դո՛ւրս գնա, կորի դու, օրհնվա՛ծ աղջիկ։ Օրհնվածներն ինձ պետք չեն էստեղ։

Ասում է ու խրճթից դուրս քաշում, դարպասից դուրս հրում, ցանկապատի վրա վառվող աչքերով գանգերից մինն էլ մի ձողի ծեր է անցկացնում, ձեռը տալի թե՝

- Էս էլ քեզ կրակ՝ քո խորթ մոր ու իր աղջիկների համար։ Չէ՞ որ նրանք քեզ կրակի են ղրկել ինձ մոտ, որ իրենց համար կրակ տանես։

Ու վազում է Վասիլիսան, վազում է դեպի տուն։ Ձեռքի գանգը ճամփին լուս է տալի մինչև ծեգը ու ծեգին հանգչում։