Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


հենց նրանց ձեռքից առնում որոճում էր կաղամբի թերթիկները, եղնիկն արածում էր նրանց կողքին, եղջերուն անհոգ ու զվարթ անցնում էր նրանց մոտից, իսկ թռչունները հանգիստ ուսներին թառած երգում էին, ինչպես կարող էին երգել և ինչ որ գիտեին։ Եթե բան է, ուշանում էին անտառում, ու գիշերը վրա էր հասնում, միասին պառկում էին մամուռի վրա ու քնում մինչև լուսաբաց։ Իրենց մերն էլ գիտեր ու անհանգիստ չէր լինում։

Մի անգամ էլ, երբ անտառում գիշերում են ու լուսաբացին զարթնում են, տեսնում են՝ կողքներին կանգնած ճերմակ ու փայլուն շորերով մի սիրուն երեխա։ Էս երեխան վեր է կենում, ժպտալով նրանց նայում ու, առանց մի խոսք ասելու, հեռանում, մտնում անտառի խորքն, անհետանում։ Էստեղ երեխեքը մտիկ են տալիս չորս կողմները, տեսնում են, որ իրիկունը մթնով եկել են քնել մի անդունդի եզերքի ու եթե մթնումը մի երկու քայլ էր արած լինեին՝ պետք է անդունդը լինեին գլորված։ Գալիս են, իրենց մորը պատմում։ Մերն ասում է.

— Էս անպատճառ պահապան հրեշտակն ինքն է եղել, որ միշտ պահպանում է բարի երեխանց։

Լուսերեսն ու Վարդերեսն իրենց մոր տնակն էնպես իստակ ու մաքուր էին պահում, որ մտիկ անելիս մարդու դյուր էր գալիս։

Ամառը գլխավորապես Վարդերեսն էր տան բանը շինում ու ամեն առավոտ, մոր զարթնելուց առաջ անկողնի կողքին մի փունջ ծաղիկ էր դնում, փնջի մեջ էլ՝ երկու վարդ, մինը՝ սիպտակ, մյուսը՝ կարմիր։ Ձմեռր Լուսերեսն էր կրակ անում ու պղինձը դնում կրակին։ Պղինձն էլ էնպես մաքուր սրբած էր լինում, որ ոսկու նման պսպղում էր։ Իրիկուններն էլ, երբ դուրսը ձյունը փաթիլ-փաթիլ բրդում էր, մերն ասում էր.

— Լուսիկ ջան, գնա դռան փակը գցիր։

Հետո նստում էին բուխարու առջև։ Մերը գիրք էր կարդում աղջիկների համար, իսկ աղջիկները լսում էին ու մանում։ Կողքներին պառկած էր լինում իրենց գառը, ետևները՝

328