— Մի՛ տանջեք ինձ, մի՛ սպանեք, այ աղջկերք։
- Ա՛յ Լուսերես, ա՛յ Վարդերես,
- Ձեր սիրելի փեսան եմ ես։
Քնելու ժամանակը որ գալիս է, ու աղջիկները գնում են քնեն, մերն արջին ասում է.
— Դե դու էլ օջախի առաջը պառկիր, արջ ախպեր, համ տաք կլինի տեղդ, համ քամուց պատսպար։
Օրը բացվում է թե չէ՝ արջը էլ ետ ձնի մեջ քարշ գալով գնում է դեպի անտառի խորքը։ Էն օրվանից էս արջը սովորություն է շինում, ամեն իրիկուն միևնույն ժամին գալիս է սրանց մոտ։ Պառկում է օջախի առջևն ու թողնում է հետը խաղան, ինչքան կուզեն։ Սրանք էլ էնպես են սովորում, որ իրիկունները, մինչև արջը տուն չի գալիս, դուռը փակում չեն։
Ձմեռն անց է կենում․ գարունքն ընկնում է, երկիրը դալարում, ու մի օր էլ արջը Լուսերեսին ասում է.
— Դե հիմի արդեն ժամանակն է, որ ձեզանից հեռանամ, ամբողջ ամառը էլ ինձ չեք տեսնիլ։
— Ո՞ւր ես գնում, արջ ախպեր,— հարցնում է Լուսերեսը։
— Պետք է անտառ գնամ, իմ գանձերն ու հարստությունները չար թզուկներից պաշտպանեմ։ Ձմեռը, գետնի սառած ժամանակը, նրանք անհետանում են իրենց մթին այրերում, բայց արևը երկիրը տաքացնում է թե չէ՝ էդ գող անպիտանները լուս աշխարհք են դուրս գալիս ու, ինչ որ աչքները տեսնում է, էլ տիրոջն օգուտ չի անում, գողանում են տանում։
Արջիս բաժանվելու համար շատ է տխրում Լուսերեսիկը, իսկ երբ դուռն առաջին բաց է անում, որ գնա, հանկարծ արջն ընկնում է դռան փակին, բրդիցը մի փունջ մնում է փակի վրեն, ու բրդի տակիցը ոսկու պես մի բան է պսպղում։ «Երևի աչքիս թվաց»,— մտածում է աղջիկն ու մտքիցը հանում է էս բանը։ Արջն էլ շտապում է դեպի անտառն ու անհետանում է ծառերի ետևը։
Մի օր էլ մերն աղջիկներին անտառն է ղրկում, որ գնան