ետ կանգնի խայտառակությունից։ Փոքրիկ Մարուշը կպել էր Սիմոնի փեշերին և յուր վախեցած աչքերով մեկ խոսողների երեսին էր նայում, մեկ Սիմոնի։
Այս ժամանակ դատարանի լուսը մթնեց, և յուր ահագին գայլենի քուրքը ներս բերեց գյուղի հարուստներից մեկը` Պետրոս աղեն։
— Ի՞նչ խաբար ա, ի՞նչ եք ղալմաղալ անում,— ծանր-ծանր հարցրեց աղեն։
Եվ բոլոր պատմությունը, թեպետ հայտնի էր իրան, ուշադիր լսեց, իբրև թե նոր էր իմանում։
Գլուխը պտտելով խոր հառաչեց գյուղի հայրը և խորհըրդավոր ձայնով դարձավ շուրջը.
— Գետինը մտե՛ք․․․ ձեններուդ կտրեցե՛ք, անաբուռներ, աննամուսնե՜ր․․․
Այս խոսքերն այնպիսի ազդու կերպով արտասանեց, որ բոլորն էլ գլուխները կախ արին, և եթե մի օտար մարդ լիներ, կկարծեր, թե ամաչեցին։
— Սրան մտիկ արեք, սրա՛ն,― գլուխը վեր քաշելով, ձեռքը դեպի Սիմոնը մեկնեց աղեն,— օղլուշաղի անունը բերել ա գցել գեղամեջ…
— Բա սուս կենա՛մ… նամուսս գետինն եք կոխել… բա սուս կենա՞մ…— գոռալով ընդհատեց ուստա Սիմոնը։
— Բաս ի՞նչ կանես, որ սուս չես կենալ…
— «Ի՞նչ կանե՜մ…», արին կանեմ, արի՜ն…
— Ա՛յ տղա, դեռ կանգնած ե՞ք, էս րոպեիս գնացեք, սրա կնգանը բերեք,— տեղիցը վեր թռավ տանուտերը։
— Կացե՛ք,— աչքերը չռեց աղեն, և նորից աղմուկն ընկավ։ Այս ժամանակ տանուտերն ու Պետրոս աղեն իրար մի քանի խոսք ասացին։
— Սո՛ւս կացեք,— ձայն տվեց աղեն,— ի՞նչ եք գորտան ժամատուն շինել… Սանդրո՛, էստեղ արի։
Սանդրոն մոտեցավ։
— Մի հինգ մանեթ հանիր էստեղ։
— Ախար զուր ա, է՛, աղա։
— Ես քեզ ասում եմ՝ հանի՛ր։
— Ախար զուր ընչի՛ հանեմ։
32