Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/350

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 — Բայց, նանի՛, ի՞նչ է պատահելու ինձ հետ,— կրկին հարցրեց աղջիկը։

— Մին էլ եմ ասում․ ինձ մի՛ խանգարի, թող սրբեմ։ Անխոս գնա քո սենյակը, խորխդ հանիր ու հագիր քո էն մետաքսե զգեստը, որ հագիդ էր, երբ առաջին անգամ եկար ինձ մոտ։ Հագիր ու սպասիր քո սենյակում, մինչև կկանչեմ։

Հիմի թագավորից ու թագուհուց տանք տեղեկությունը։

Թագավորն ու թագուհին երիտասարդ իշխանին հետներն առնում են ու ճանապարհ են ընկնում, գնում են պառավին գտնեն։

Երիտասարդը մի անտառում նրանցից ետ է մնում ու պետք է ճանապարհը մենակ շարունակեր։ Մյուս օրը նրան թվում է, թե ուղիղ ճանապարհն է դուրս եկել։ Գնում է, գնում է, մի տեղ մութը վրա է հասնում, բարձրանում է մի ծառի, ուզում է ծառի վրա գիշերի, առավոտը վեր կենա էլ ետ իր ճամփեն շարունակի։ Գիշերվա մի ժամին լրացած լուսնյակը որ դուրս է գալի, նկատում է, որ մի պառավ լեռներից իջնում է ցած։ Նկատում է, որ ճիպոտը ձեռին չի, բայց էս էն սագարած աղջիկն է, որ տեսել էր պառավի տնակում։

— Օհո,— բացականչում է ինքն իրեն,— ահա մինը եկավ։ Էս մինը որ ձեռս ընկավ, էն մյուսն էլ չի պրծնիլ ինձանից։

Բայց ինչքան է զարմանում, երբ այլանդակ կինը մոտենում է ջրհորին, խորխը հանում է, լվացվում, ոսկե մազերը թափվում են ուսերին, ու առջևը կանգնում է մի գեղեցկուհի, որ իր օրումը ոչ տեսել էր, ոչ լսել։ Շունչն իրեն պահած՝ գլուխը ճյուղերի արանքից հանում է ու աչքերը հառած՝ նայում է աղջկանը։ Շատ է լինում դեպի առաջ հակված թե ինչ, ծառի մի ճյուղը, կոտրում է, որ կոտրում է՝ աղջիկն իսկույն էլ ետ մտնում է իր խորխը ու եղնիկի նման թռչում, կորչում։

Աղջիկը հեռանում է թե չէ՝ երիտասարդն էլ ծառից իջնում է, ընկնում ետևից։ Շատ է գնում թե քիչ, մին էլ տեսնում է՝ մի տեղ առաջին երկու ստվեր են թափառում։ Դու մի՛ ասի՝ թագավորն ու թագուհին են։ Հեռվից պառավի

344