ու սկսում է համբուրել։ Հերն ու մերը ուրախությունից լաց են լինում, իսկ երիտասարդ իշխանը մնում է ապշած կանգնած նրանց կողքին։ Աղջիկը նրան նկատում է թե չէ՝ ինքն էլ չի իմանում ինչու, կարմրում, կարմիր վարդ է կտրում։ Թագավորն ասում է.
— Աղջիկ ջան, իմ թագավորությունը արդեն բաժանել եմ, հիմի ի՞նչ տամ քեզ։
— Սրան ոչ մի բան չի հարկավոր,— աղջկա տեղակ պատասխանում է պառավը։— Ես ձեզ եմ նվիրում սրա էն արտասուքները, որ թափել է ձեզ համար. սրանք մաքուր մարգարիտներ են, ավելի մաքուր ու թանկ, քան էն մարգարիտները, որ հանում են ծովերից, և ավելի արժեն, քան ձեր ամբողջ թագավորությունը։ Իսկ իրեն, ինձ արած ծառայության համար, նվիրում եմ իմ տնակը։
Պառավի էս ասելն ու անհետանալը մին է լինում։ Մին էլ էն են տեսնում՝ տնակի պատերը ճռճռացին, նայում են՝ տնակը դարձել է մի շքեղ պալատ, թագավորավայել սեղանները բաց արած, բազմաթիվ ծառաները վազում են դեսուդեն, ու ճերմակազգեստ ջահել աղջիկներ շրջապատել են իրենց։
Դուրս է գալիս, որ պառավը ոչ թե մի չար կախարդ է եղել, այլ բարի ոգի։ Նա է տվել թագավորի աղջկանն էն շնորհքը, որ արտասուքները մարգարիտ դառնան, ու նա է նրան պահել դժբախտության օրերում։ Նա է պահել և էն բոլոր կախարդված ու դժբախտացած աղջիկներին, որ դարձել էին սագեր, այժմ նորից առան իրենց մարդկային կերպարանքը։ Վերջապես նա է առաջնորդել բարի երիտասարդ իշխանին դեպի թագավորի անմեղ հալածված աղջիկը։
Էս բոլորից հետո ամուսնանում են նրանք, մոռանում են իրենց անցկացրած ծանր օրերը և ապրում են ուրախ ու երջանիկ, բարի ոգու պարգևած էն գեղեցիկ պալատում, որ առաջ մի աղքատիկ տնակ էր։