Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՆՏԱՌԻ ՏՆԱԿԸ

Մի խոր անտառի բերանում մի խրճիթ է լինում։ Էն խրճիթում կնկա ու երեք աղջիկների հետ ապրելիս է լինում մի աղքատ փայտահատ։

Մի առավոտ, գործի գնալիս, կնկանն ասում է.

— Ա՛յ կնիկ, էսօր բանս մինչև կեսօր չեմ վերջացնիլ. մեր մեծ աղջկա հետ ինձ համար ճաշ կուղարկես անտառը։ Ես էլ հետս մի տոպրակ կորեկ կվերցնեմ, շաղ տալով կերթամ, որ էն նշանովը գա ու ճամփեն չկորցնի։

Ճաշ է դառնում թե չէ՝ մեծ աղջիկը կերակուրն առնում է, ճամփա ընկնում։ Բայց ծտերը, արտուտները, սարեկներն ու դեղձանիկները շաղ տված կորեկն արդեն վեր քաղած են լինում, ու աղջիկը չի կարողանում հոր հետքը գտնի։ Գնում է, գնում, մինչ արևը մեր է մտնում, ու մութը վրա է հասնում անտառում։ Ծառերը շրշում են խավարում, բուերը կանչում, կռնչում, ու աղջիկը սկսում է վախենալ։

Մին էլ տեսնում է՝ հեռվում, ծառերի արանքից մի կրակ է փայլփլում։

— Էնտեղ երևի մարդիկ են ապրում, գնամ նրանց մոտ մնամ էս գիշեր,— մտածում է աղջիկն ու գնում էն կրակի վրա։

Գնում է հասնում մի տնակի, դուռը ծեծում է։

— Ո՞վ ես, ներս արի,– կանչում է ներսից մի ձայն։

Աղջիկը ներս է մտնում, տեսնում է՝ հրես նստած մի ալևոր մարդ, գլուխը կախ արած, սիպտակ միրուքն ալիքաձև իջնում է մինչև գետին։ Իսկ էն կողմը՝ մի չալ կով, մի հավ ու մի աքլոր։

Աղջիկը պատմում է ծերին, թե ինչպես է ինքը մոլորվել անտառում, ու խնդրում է, որ տեղ տա գիշերը մնալու։

Ծերունին դիմում է իր կենդանիներին.

357