Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընտրի։ Խորթ քույրերը որ իմանում են՝ իրենք էլ են հրավիրված, ուրախանում, աշխարհքով մին են լինում, Մոխրոտին ձեն են տալիս.

— Արի՜, Մոխրո՛տ, արի՛, մեր մազերը սանրի, մեր կոշիկները սրբի, մեր կոճակները մեր գցի, գնում ենք թագավորի պալատը խնջույքի։

Ինչ որ ասում են, ամեն բան Մոխրոտը կատարում է, բայց սիրտն ուզում է, որ ինքն էլ պար գա, ինքն էլ ուրախանա, խորթ մորը խնդրում է, որ իրեն էլ հետները տանեն պալատը։

— Ը՛հ, հողեմ գլուխդ,— ճչում է խորթ մերը,— ակաս-մակաս՝ էդ մոխրոտ տեղովդ հենց դու էիր պակաս թագավորի պալատում։ Ո՛չ հագիդ հագուստ ունես, ո՛չ ոտիդ՝ ոտնաման, դու էլ ես ուզում պալատում պար գա՞ս, տո Մոխրոտ։

Դեռ էդպես խնդիրքը մերժում է, վերջն ասում է.

— Դե լավ. մի աման ոսպ եմ ածել մոխիրը, երկու ժամումը թե կջոկես, հետներս քեզ էլ կտանենք, թե չէ՝ հո չենք տանիլ։

Մոխրոտն էս լսում է թե չէ՝ ետևի դռնիցը դուրս է թռչում պարտեզն ու կանչում.

Իմ ընկերնե՛ր, աղունակնե՛ր,
Երկընքի տակ թըռչող հավքեր,
Թըռե՜ք, եկե՜ք ամեն կողմից,
Վեր քաղեցեք ոսպը մոխրից.
Լավն՝ ամանը, վատը՝ ձեզ կեր,
Իմ ընկերնե՛ր, թըռչուն հավքե՛ր։


Էս ասելն է լինում։ Մին էլ էն է տեսնում՝ խոհանոցի լուսամուտից երկու ճերմակ աղավնի ներս ընկան, նրանց ետևից՝ տատրակները, տատրակների ետևից էլ՝ մնացած թռչունները։ Ծլվլալով իջնում են ուղիղ մոխրի վրա ու, կը՛տ–կը՛տ, կտուցներով սկսում են ոսպը մոխրից վեր քաղել, վատերն ուտել, լավերն ածել ամանի մեջ։ Մի ժամ էլ չի քաշում՝ բոլոր ոսպը ջոկում, հավաքում են, ետ թռչում գնում։ Մոխրոտը ամանը առնում է, ուրախ–ուրախ տանում

380