Վաճառականը վախից ատամ-ատամ դողացնում է։ Մտիկ է անում, որ չորս կողմից, ամեն մի ծառ ու թփի արանքից, ջրի միջից, գետնի տակից դուրս են եկել ու սողում են դեպի իրեն անթիվ ու անհամար այլանդակ ու գարշելի արարածներ։ Երեսի վրա ընկնում է բրդբրդոտ հրեշի առջև, խղճալի աղաղակում.
— Ո՛վ անտառի տեր, ո՛վ անհայտ հզոր, ինձ մի՛ սպանիր իմ անգիտուն մեղքի համար․ ողորմությո՛ւն արա, հրամա՛ն տուր խոսք ասեմ։
Ու պատմում է իր աղջիկների ու իր խոստումի մասին։ Ապա սկսում է աղերսել, որ հրեշն իրեն շնորհի Կարմիր ծաղիկը իր փոքրիկ աղջկանը տանելու համար։ Փոխարենը խոստանում է ոսկի տա, որքան կուզի։ Քահ-քահ խնդում է զարհուրելի հրեշը, անտառի տերը։ Ասում է.
— Ի՞նչ եմ անում քո գանձն ու ոսկին, իմ ունեցածն էլ չգիտեմ որտեղ պահեմ։ Քեզ անվնաս կթողնեմ, որ քո տունը գնաս, անհաշիվ էլ գանձ կտամ, Կարմիր ծաղիկն էլ կտամ, միայն թե խոսք տաս, որ քո աղջիկներից մեկնումեկին ինձ մոտ կուղարկես։ Ոչ մի վատ բան չեմ անիլ նրան, չեմ վշտացնիլ, չեմ վիրավորիլ. իմ պալատում կապրի էնպես, ինչպես դու ապրեցիր։ Ձանձրացել եմ մենակությունից, ուզում եմ մի ընկեր ունենամ։
Վաճառականը էս որ լսում է, շատ է տխրում, նայում է անտառի հրեշի վրա, հիշում է իր աղջիկներին ու լաց է լինում։ Ասում է.
— Ես ո՞նց անեմ, եթե իմ աղջիկները չուզենան քեզ մոտ գան։ Հո չեմ կարող ես նրանց ձեռնուոտը կապեմ ու զոռով ղրկեմ։ Եվ, վերջապես, ի՞նչ իմանան, ի՞նչ ճամփով կարող են հասնել քեզ մոտ։ Ես երկու տարումը հազիվ եմ կարողացել էստեղ հասնեմ, էն էլ ի՛նչ տեղերով, ի՛նչ ճամփեքով — ես էլ չեմ իմանում…
— Ես ստրուկ չեմ ուզում,— պատասխանում է անտառի հրեշը։— Քո աղջիկները համով-կամով թե կգան, թո՛ղ գան, թե չեն գալ, էն ժամանակ դու պիտի ետ գաս, որ քեզ պատժեմ չարաչար մահով։ Իսկ թե ինչպես պետք է գալ ինձ մոտ, դրա համար դու հոգս մի անիլ. ահա իմ մատի մատանին.