Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոսկեղեն ամանների մեջ։ Ուրախ–ուրախ նստում է, ուտում, խմում, զովանում, երաժշտությունով զվարճանում, ճաշելուց հետո էլ ետ գնում կանանչ այգիներում ճեմելու, հազար ու մի հրաշալիքների վրա զմայլելու։

Էսպես ապրում է աղջիկն անտառի տիրոջ պալատում։ Ամեն օր կարած-պատրաստ նորանոր էն տեսակ ճոխ ու զարդարուն զգեստներ է ստանում, որ ո՛չ լեզվով պատմել կլինի, ո՛չ գրչով նկարագրել։ Կամաց-կամաց սկսում է ձեռագործով պարապել, ոսկով, արծաթով ու մարգարտով ասեղնագործել։ Իր ձեռագործներից ղրկում է հորը նվեր, իսկ ամենալավը պատրաստում է անտառի տիրոջ համար, բայց չի իմանում՝ ինչպես նվիրի։

Էսպես բավական ժամանակ անց է կենում։ Ջահել աղջիկը ընտելանում է իր կյանքին, ո՛չ մի բանի վրա զարմանում է, ո՛չ էլ՝ մի բանից վախենում։ Ծառայում են անտեսանելի ծառաներ, տալիս են, առնում են, իր բոլոր հրամանները կատարում են։ Ու աղջիկը սկսում է օրեցօր ավելի ու ավելի սիրել իր տիրոջը։ Իմանում է, որ նա էլ իրեն է սիրում և նա ավելի է սիրում իրեն, քան թե ինքը նրան, ու շատ է ուզում մի անգամ ձենը լսի, հետը զրույց անի։ Հետզհետե սկսում է խնդրել, աղաչել, բայց անտառի տերը չի անում, վախենում է իր ձենով նրան վախեցնի։

Մի անգամ էլ աղջիկը այգին է իջնում, գնում իր սիրած տեղը նստում՝ չորս կողմից տերևներով ու ծաղիկներով շրջապատված։ Նստում է ու դիմում աներևույթ անտառի տիրոջը.

– Իմ անուշ, իմ բարի տեր,— ասում է,— մի՛ վախենար, թե ինձ քո ձենով կվախեցնես։ Էսքան բարությունից հետո ես գազանի մռնչյունից էլ չեմ վախենալ, մի՛ վախենար, խոսի՛ր ինձ հետ…

Մին էլ հանկարծ լսում է, որ մինը ասես թե հառաչեց թփերի ետևից, ապա թե լսում է սարսափելի, վայրենի, խուլ ու խռպոտ ձենը, և էն իբրև թե շշնջում է։ Աղջիկը մին ցնցվում է, մին էլ իրեն տիրում է, ցույց չի տալիս, թե վախեց ու կամաց-կամաց հաճույքով լսում է նրա անուշ,

400