Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՆԵՐԵՎՈՒՅԹ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Գյուղից մի քիչ ծուռը, սարալանջին, մի փոքրիկ տնակում, իր ծեր հոր հետ ապրում էր ջահել Իերգը։ Ունեցած հողերն ուղիղ էնքան էր, ինչքան որ հարկավոր էր անկարոտ ապրելու համար։ Հենց տան կողքից սկսվում էր կաղնի ու հաճարի ծառերի թավ ու պառավ անտառը, իսկ տան առաջին ընկած էր մի հին, կոտրած ջաղացքար։ Էն հին, կոտրած ջաղացքարին նստողի աչքին սքանչելի տեսարան էր բացվում դեպի հովիտը, դեպի հովիտով վազող գետը ու դեպի սարերը, որ բարձրանում էին գետի մյուս կողմը։ Իերգը, իր գործը դաշտում վերջացնելուց հետո, իրիկունները սիրում էր նստել էս քարի վրա, արմունկները ծնկներին տված ու գլուխը հենած ձեռներին՝ նա ժամերով նստում էր ու անձնատուր էր լինում իր ցնորքներին։

Եվ որովհետև գյուղի գործերով էլ շատ չէր հետաքրքրվում ու գրեթե միշտ մնում էր խաղաղ, մենակ իր մտքերի մեջ խորասուզված, գյուղացիք էլ, հեգնելով, անունը դրել էին Երազող Իերգ։ Նա էլ իսկի չէր նեղանում սրանից։

Քանի մեծանում էր՝ էնքան առանձնանում էր ու դառնում լռակյաց, իսկ երբ հերն էլ մեռավ ու հին կաղնենու տակ թաղեց, նրանից հետո հո էլ ձեն չէր հանում։ Այժմ առաջվանից ավելի հաճախ էր նստում հին, կոտրած ջաղացքարին ու նայում էր ներքև, հովիտին, որտեղից իրիկվան մշուշը բարձրանում ու մեղմիկ սողում էր սարն ի վեր․ հետևում էր հետզհետե ցած իջնող մութին, ծագող լուսնին ու իրար ետևից ցոլացող աստղերին։ Նրան էնպես էր թվում, թե գետի ալիքները երգում էին, սկզբում մեղմ ու կամացուկ, ապա թե պարզ ու լսելի։ Երգում էին էն սարերից, որտեղից սկիզբ էին առնում, երգում էին էն ծովերից, որոնց

406