Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
«Դղյա՛կ, դղյա՛կ, իջի՛ր դեպ ինձ,
Որ հիանամ ես քո տեսքից»։

Ու դղյակը հանդարտիկ գետին կիջներ։ Պարտեզներ էլ կային, որոնք ծաղիկներ ունեին, որ ցերեկները բուրում էին անուշահոտ, իսկ գիշերները լուս էին տալիս։ Ամենաերփներանգ գույներով վառվող հավքեր կային, որ հեքիաթներ էին պատմում, և ուրիշ շատ ու շատ զարմանահրաշ բաներ։ Երազող Իերգը զարմանքից ու խնդությունից չէր իմանում որի՛ն նայի, ո՛րը թողնի։

— Արի՛ հիմի քեզ իմ հպատակները՝ երազները ցույց տամ,— ասավ թագավորը։— Երեք տեսակ երազներ ունեմ․ լավ երազներ՝ բարի մարդկանց համար, վատ երազներ՝ չարերի համար, և, սրանցից բացի, ունեմ նաև խիպիլիկ երազներ։ Սրանցով էլ զանազան խաղեր եմ հորինում։ Չէ՞ որ երբեմն-երբեմն թագավորներն էլ են ուզում զվարճանան։

Էստեղից թագավորը Իերգին տարավ մի այգի, ուր ծառուղիները արծաթից էին, ածուները՝ ոսկուց, իսկ ծաղիկները՝ անգին քարերից։ Էստեղ զբոսնում էին լավ երազները։

Առաջինը Իերգի աչքին ընկավ մի դալկադեմ նորատի ջահել կին, ձեռքին՝ խաղալիքներով լիքը մի արկղիկ։

— Սա ո՞վ է։

— Էդ կինը ամեն իրիկուն գնում է մի հիվանդ երեխի մոտ, որի մերը նորերս է մեռել,— ասավ Երազների թագավորը։— Ցերեկը որբ երեխան միշտ մնում է մենակ, իսկ գիշերները սա գնում է, հետը խաղում ու մոտը մնում մինչև լուս։ Սակայն ե՛կ, մի քիչ էլ գնանք դենը։

Գնացին։ Մտան մի ուրիշ այգի՝ լիքը բարի երազներով։ Բարի երազները՝ տղամարդկանց ու կանանց, ծերերի ու երեխաների կերպարանքներով, բոլորն էլ բարի, ժպտուն դեմքերով, ամենագեղեցիկ զգեստներով։ Շատերը ձեռներին բռնած ունեին ամեն տեսակ լավ բաներ, ինչ որ միայն կարող է ուզել մարդու սիրտը։ Բայց Իերգը հանկարծ կանգ առավ ու էնպես բարձր ճչաց, որ բոլոր երազները ետ դառան դեպի նրան։

— Ի՞նչ պատահեց,— հարցրեց թագավորը։

410