- Բա ո՞րտեղից են հաց ուտում։
- Փողով առնում են ուտում։ Հացն էլ են փողով առնում, եղն էլ, կաթն էլ, մածոնն էլ, փետն էլ, ջուրն էլ․․․
- Վա՜․․․
- Բա՜, սրան Թիֆլիս կասեն։ Դու հալա ղոչաղ կաց, դեռ շատ բան կիմանաս։
- Ապի, սրանք ժամ ունե՞ն․․․
- Ունեն, բա′ս, սրանք Էլ մեզ նման հայ քրիստոնյա են։ Մտիկ արա, հա՜, ձեռնաքաշություն չանես։ Կարելի ա քեզ փորձելու համար փող վեր կգցեն, մոտենաս ոչ։ Թե վերցնես էլ, տար ասա՝ «խանո՛ւմ, էս ի՞նչ փող ա, էստեղ վեր ընկած էր․ աղա՛, էս բանն էստեղ գտա», թե չէ․․․
- Էստեղ էլ պրիստավ կա՞ որ․․․
- Կա, բա՞ս․․․ Վախտ ու անվախտ դես-դեն չընկնես, ձեռդ ընկած փողը քոռ ու փուչ չանես, հազար ու մի պակասություն ունենք։ Քեզ էլ լավ պահի, գիշերները բաց չըլես, մրսես ոչ․․․ Մի-մին եկողի հետ գիր ղարկի․․․- մերթ-մերթ չիբուխը բերանից հանելով որդուն խրատում էր Համբոն։ Այնինչ Գիքորը ննջում էր։
- Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակուրի թերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն, քեզ տալ չեն, բան չկա, ծառայի կարգն է դա․․․ Օրեր են, կմթնեն, անց կկենան․․․
Շարունակում էր հերն իր խրատը, բայց Գիքորը հորը թինկը տված քնել էր արդեն։
Էն երկու օրը նա էնքան բան էր տեսել, էս ու էն կողմը նայել, որ հոգնել էր բոլորովին։
Մրգով լիքը խանութները, դեզերի նման դարսած գույնզգույն չթերը, տեսակ-տեսակ խաղալիքները, ուսումնարան գնացող կամ դարձող երեխաների խմբերը, իրար ետևից սլացող կառքերը, ուղտերի շարքերը, կանանչի բարձած ավանակները, թաբախները գլխներին կինտոները․․․ էս ամենի գոռոցն ու զնգոցը, աղմուկն ու աղաղակը իրար խառնված ղժվժում էր նրա գլխում։ Եվ նա հոգնել էր ու հորը թինկը տված քնել։
40