Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

12

Ձմեռը եկավ։ Սառն աղմուկով ձյունախառն բուքը թռչում է քաղաքի վըրով։ Փողոցներում սուրում, սուլում, հոսան է անում։ Վզզալով մտնում է անկյունները, աղքատի ու տկլորի է ման գալի, պանդուխտ ու անտեր երեխա է որոնում։

Ահա գտավ Գիքորին։

Մի բարակ բլուզ հագին, խանութի դռանը կանգնած ձեն էր տալի նա․

– Էստի համեցե՜ք, է՛ստի համեցե՜ք․․․

– Հրե՜սսս․․․– չարախինդ սուլելով ցուրտը, աներևույթ թրի նման, զարկեց անցավ ոսկորները։ Գիքորը դողաց։

Առանց էն էլ նա շատ էր մաշված, էդքանն էլ հերիք էր նրան։ Ու անկողին ընկավ։

13

Հիվանդ պառկած էր Գիքորը բազազ Արտեմի խոհանոցում։

Պառավ դեդին օրը մի քանի անգամ ներս էր մտնում՝ իրեն-իրեն խոսելով։

– Ի՞նչ կուզես, որդի՛, Գիքո՛ր։

– Ջո՜ւր․․․

Դեդին ջուր էր տալի։ Հիվանդը դողդոջուն ձեռներով բռնում, ագահ խմում էր ու կրկին ուզում։

– Էս սիրտս հովացնում չի, դե՛դի․․․ ես մեր աղբրի սառը ջրիցն եմ ուզում, դե՛դի․․․ ես մեր տունն եմ գնում․․․ ես իմ նանին եմ ուզում․․․

Բազազ Արտեմը ցավի մեջ էր ընկել։ Նա դես-դեն ընկավ, նրանց կողմերից մարդ գտավ, ապսպրեց, որ Համբոն գա, իսկ Գիքորին տարավ քաղաքային հիվանդանոցը։

Էնտեղ շատ հիվանդներ կային շարքերով պառկած։ Տխուր տնքում էին ու օճորքին նայում անզոր հայացքներով։

Գիքորին էլ պառկեցրին նրանց շարքում։

Էստեղ գտավ նրան հայրը։

52