Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Թե՝ ի՞նչ ա։

— Ասի՝ հիմի տեսա՞ր՝ խոսքս որտեղ դուրս եկավ…

— Ա՛յ լեզուդ պապանձվեր, հա՛,— ձայն տվեց էն կողմից որսկան Օսեփը։

— Ա՛յ աղա, ընչի՞ ես էդպես ասում, ի՞նչ մի վնաս բան ա երկաթուղին,— մեջ մտան մի քանի գյուղացի։

— Վնաս չի, բա ի՞նչ ա, եկավ ձորերումը ծղրտաց, էլ պախրա չմնաց, կխտար չմնաց, ձենիցը խրտնեցին, փախան կորան։

— Պախրեն ու կխտարը չէ որ, հավատա, ես էլ կկորչեմ,— խոսքն առավ մի հովիվ, որ դագանակին հենված կանգնած էր։— Գնում եմ քարի գլխին կանգնում եմ, ձորերին մտիկ եմ անում, որ էն քարափները քանդելիս տեսնում եմ, սրտիս ծերը մղկտում ա, ոնց որ թե մարդի երեխեն թշնամու ձեռին քրքրելիս ըլեն, ու մարդ կարենա ոչ թե օգնի…

— Չէ՜, շատ բան կփչանա,– սրա հետ էլ հառաչեցին մի քանիսը։

Ու սկսվեց վեճը երկաթուղու վրա, թե երկաթուղին օգուտ էր բերելու, թե վնաս։

Էդ վեճի ժամանակ երկաթուղու գծի վրա աշխատող օտարականներից մինը ձորիցը դուրս եկավ ու մոտեցավ մեզ։

— Բարի իրիկուն ձեզ։

— Աստծու բարին, ուստա։

— Ինձ մի չափ ալյուր է հարկավոր, ձեզանից ո՞վ ալյուր կծախի,— դիմեց օտարականը ամենքիս։

— Ո՞րտեղացի ես, ուստա,— հարցրեց Ուհանես բիձեն։

— Օսմանլվի հողիցն եմ։

— Ուհանես բիձա, հալա մի հարցրու տես ո՞ր քաղաքիցն ա,— խնդրեց մի գյուղացի։

— Քու քաղաքի անունն ի՞նչ ա, բարեկամ,— կրկին հարցրեց Ուհանես բիձեն։

— Սըվազ։

— Սըվա՜զ,— երկարացնելով ու խորհրդավոր կրկնեց Ուհանես բիձեն։

— Ի՞նչ ասավ, Ուհանես բիձա։

55