— Բարի օր, քուրիկ։
— Աստծու բարին քեզ, քուրիկներ, էդ ու՞ր եք թռչում։
— Մենք խաղ ենք անում, քուրիկ։ Դու էլ արի մեզ հետ։ Էնպես ուրախանու՜մ ենք, որ դու չես կարող երևակայել․․․ Դու նոր ես ծնվել հա՞:
— Հա, հենց էսօր։ Քիչ մնաց ինձ կծեր անպիտան բոռը։ Հետո ես տեսա ճիճվին․․․ Ես կարծում էի թե ամեն բան իմն է, նրանք էլ ասում են՝ մերն է։
Մյուս մժեղները հանգստացրին նորելուկին ու միասին գնացին խաղալու։ Եվ խաղում են ջրի վրա, պտտվում են, թռչկոտում, ծվծվում։ Մեր Մժղուկը ուրախությունից կորցրել էր իրեն, բոռն էլ մտիցն ընկել, ճիճուն էլ։
— Ա՜խ, ի՜նչ լավ է,— շշնջում էր ուրախացած։— Եվ էս բոլորն իմն Է, արև՛ն էլ, խո՛տն էլ, ջու՛րն էլ։ Ինչի՞ են ուրիշները բարկանում՝ ես իսկի չեմ հասկանում: Բոլորն իմն է, բայց հո ես ոչ ոքի չեմ արգելում,— ապրեցեք, թռչկոտեցեք, բզզացեք ուրախացեք։ Ես թույլ եմ տալիս։
Խաղաց, խաղաց մեր Մժղուկը ու նստեց մի ծաղկի վրա, որ մի քիչ հանգստանա։ Հանգստանում էր ու նայում, թե ինչպես են ուրախանում ուրիշները, հանկարծ, պը՜ժժ, ոնց որ մինը մի քար գցի, ճնճղուկը ընկավ մժեղների մեջ:
— Վա՛յ, վա՛յ, ճվճվացին մժեղները ու ցրվեցին դես-դեն։
Մին էլ երբ ուշքի եկան, տեսան՝ ամբողջ մի տասնյակ մժեղ չկա։
— Ա՛խ, անզգամ,— սկսեցին հայհոյել ծեր մժեղները։— Ամբողջ մի տասնյակ փչացրեց։
— Վա՜հ, ամբողջ մի տասնյա՜կ․․․ Էս հո բոռից էլ անց կացավ։
Մեր Մժղուկի սիրտն ահ ընկավ և մյուս նորելուկների հետ միասին մտավ ճահճային խոտերի արանքը, տապ արավ։
Բայց էստեղ էլ մի ուրիշ փորձանք-պատուհաս։ Երեք մժղուկի ձուկը կերավ, երկուսին Էլ գորտը տարավ։
— Էսպես էլ բան կլինի՜․․․— զարմացած Էր մնացել մեր Մժղուկը:— Մի՞թե կարելի է ապրել էսպես։ Էս ի՞նչ անգութ հրեշներ են․․․
Էլի լավ էր, որ շատ մժղուկներ կային, կորածը չէր նկատվում։ Մի կողմից էլ նորերն էին գալիս, որ հենց նոր էին ծնվել։ Գալիս էին ու խնդմնդալով ճչում, ծվծվում։
— Ամեն բան մերն է․․․ ջա՜ն, ամեն բան մերն է։
— Չէ՜, ամեն բան ձերը չէ,— տխուր ձայն տվեց մեր Մժղուկը։— Դուք երեխաներ եք, դուք դեռ չեք իմանում, էստեղ կոպիտ բոռեր էլ կան, լուրջ ճիճուներ էլ կան, գող ծտեր էլ, ձկներ էլ, գորտեր էլ..․ Զգույշ կացեք, քուրիկներ, զգույշ կացեք, ամեն բան ձերը չէ․․․
Արդեն գիշերն ընկավ, մութը վրա հասավ, ու բոլոր մժղուկները մտան եղեգնուտի տաք տեղերը, թաք կացան։ Վերև երկինքը լցվեց աստղերով, լուսինն էլ ծագեց, ու բոլորը միասին ցոլացին ջրի մեջ։
էնպես սիրուն է՜ր․․․