Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էդ ձեր ուսումնականները թե գիտեն աբրեշումի ճիճուն ի՞նչ կուտի։

— Թթան տերև։

— Ապրե՛ս, դրուստ ա։ Գնացի ձորից մի շալակ թթան տերև բերի, կապեցի մենծ տան ամբարի ոտիցն ու ճիճուն վրեն ածի։ Ինչքան մարդ եկավ նայելու, ոչ ոքի տուն չթողինք, որ աչքով չտան, ասինք՝ թող մի տեսնենք՝ ինչ ա դուրս գալի։ Ա՛յ տղա, էդ անտեր ճիճուները մի քանի օր կացան ու կոտորվեցին։ Հիմի թե ասենք՝ նրանի՞ց էր, որ գոմեշի ձագը շատ էր մոտ կապած, ոտնատակ էր տալիս, թե նրանի՞ց էր, որ հավերը տուն էին թափում՝ կտցահարում, դե ո՞նց անենք։ Հո՜ չէինք կարող հավերը կոտորել, կամ ձագն սպանել։ Թե ասենք՝ անձրևիցն էր, որ երդիկով ներս էր թափում, մին էլ մարդ միտք ա անում, թե բա քաղաքումն անձրև չի՞ գալի․․․ Մի խոսքով՝ բան գլուխ չեկավ։ Տեսանք, որ մեր երկրումը աբրեշումի ճիճուն անում չի, բան չի դառնում։ Դե՛, զարմանալու ի՞նչ կա որ. էնպես երկիր կա՝ հավք չի ապրում, էնպես երկիր կա՝ ցորեն չի դուրս գալի, ամեն աշխարհք մի տեսակ բնություն ունի, բայց էս մեր նոր ուսում առածները էսքանն էլ չեն հասկանում։