ԹՈԻՄԱՆՅԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԱՐՁԱԿԸ
I
Հովհ. Թումանյանի ստեղծագործության մեջ գեղարվեստական արձակը ներկայացված է երկու հիմնական ժանրով՝ պատմվածք և հեքիաթ։ Ժամանակագրական առումով նա իր ուժերը, նախ, փորձում է պատմվածքի մեջ, ապա անցնում է հեքիաթին։ Սակայն, ավելի բծախնդիր մոտեցման դեպքում, Թումանյանի արձակ ժառանգության մեջ կարելի է առանձնացնել նաև ուրիշ տեսակներ՝ մանրապատում և ֆելիետոն, զրույց և անեկդոտ, ակնարկ և հուշագրություն, արձակ բանաստեղծություն և նույնիսկ վեպի փորձ։ Թեև այդ երկերի մի զգալի մասը մեզ հասել է անավարտ կամ սևագիր վիճակում, բայց նրանցից ամեն մեկը սերտորեն կապված է և իր որոշակի տեղն ունի Թումանյանի ստեղծագործական զարգացման պատմության մեջ։
Ե՞րբ է սկսվել Թումանյան արձակագրի գրական ուղին։ Կարելի է հիշել, որ դեռ նախքան բանաստեղծություններ տպագրելը պատանի Թումանյանը 1887 և հետագա թվականներին մի քանի տասնյակ անեկդոտ–մանրապատումներ է հրապարակել «Նոր Դար» թերթի էջերում։ Դրանք փաստորեն նրա առաջին տպագիր ելույթներն էին, բայց անստորագիր էին և հեղինակին գրական համբավ բերել չէին կարող։ Սակայն այդ նյութերը (որոնք հայտնաբերվեցին և վերատպվեցին շատ տասնամյակներ անց) հետաքրքիր են իբրև ժողովրդի կենդանի խոսքի և առօրյա կյանքի նկատմամբ հետաքրքրության առաջին վկայություններ։
1890-ական թթ. սկզբին՝ իր առաջին բանաստեղծական ժողովածուների հրատարակության շրջանում, Թումանյանը նաև ինքնուրույն արձակ երկերի փորձեր է արել։ Բանաստեղծի բարեկամ Տիգրան Փիրումյանը դեռևս 1891 թ. սկզբին կատարած գրառումների մեջ վկայել է, որ նա «արդեն ունի մի քանի կտոր» արձակ գրվածքներ ևս (ԹԺՀ, 346)։ Ինքը՝ Թումանյանը, 1892 թ. մարտին Ան. Աբովյանին հղած մի նամակում հայտնել է, որ այդ օրն առավոտյան մի շնչով գրել է «վեց թերթից» բաղկացած մի արձակ երկ (կոչում է «վեպ», ապա՝ «վեպիկ»), որը պատմում է «Գյուղացու ձախորդությունը» (ԵժV, 65)[1]։ Երկու տարի անց
- ↑ *Այս վերնագրի մասին տարբեր կարծիքներ են հայտնվել։ ԵժV-ի ծանոթագրության մեջ ասվում է, որ դա թերևս 1898 թ, «Մուրճում» տպագրված «Սովի ժամանակից» պատմվածքի նախնական վերնագիրն է, իսկ