Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 Սրան տարան։ Ներս մտավ մի գաղթական կին, սևերում փաթաթված։

— Հայրի՛կ, ամուսինս սպանվեց կոտորածին, հինգ երեխայով մնացեր եմ դռները․․․

— Հա՛, խեղճ կին, այնպես ժամանակներ են, որ տղամարդիկ ալ հազիվ իրենց տունը կպահեն, դու մի խեղճ կնիկ, ինչպե՞ս պիտի պահես ատքան երեխաները։

Կրկին ձեռքը տարավ <կողքին դրած> բանի տակը, հանեց սրան էլ փող տվեց․ ճամփա դրավ։

Ներս մտավ իմ ծանոթ ծերունի տիրացուն։

— Հայրիկ, 40 տարի Ս․ Մինասի եկեղեցում, սուրբ տաճարում ծառայել եմ աստծուն, այժմ քաղցած եմ․․․

— Անխելք մարդ,— ընդհատեց Հայրիկը,— քեզի ո՞վ ըսավ 40 տ<արի> աստծուն ծառայես, որ այսօր քաղցած մնաս, 40 տ<արի> եթե մի վաճ<առականի> ծառայեիր, այսօր կուշտ պիտի ըլլայիր․․․— ու սկսեց ծիծաղել։— Է՛հ, աղեկ, կհոգանք։

Կրկին ձեռքը տարավ կողքի բանի տակից փող հանեց, տվեց իրեն ու զանգահարեց։ Եկան։

— Ծո՛, տարեք, ըսեք ասոր թոշակ կապեն։

Եվ այսպես ամբողջ օրը։