— Ետնա էդ դրո՞ւստ բան ա։
— Դրուստ ա, բաս։ Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր, ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած։ Մի անգամ մի պախրա ա վիրավորում։ Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը։ Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը։ Էստեղ, Զորավոր կաղնըքու տակին, պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա, որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում։ Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի․ էս սիրուն հարսը դուրս ա գալի՝ որսկանի դեմը ծղրտում.
— Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ։ Ագա՜հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում։ Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը․․․
Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էր, գլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառի ճյուղքը տեղնուտեղը չորանում ա։
— Օվակիմ բիձա, ուրեմն էդ ա, որ ասում են՝ որսկանությունը անիծած ա։
— Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են։ Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ։ Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց։ Երբ էրվելով իր Ասլու ետևից ման էր գալի՝ մի վիրավորված պախրա տեսավ։ Տեսավ՝ անասունը մղկտալով շունչը տալիս ա, հորթն էլ մոլորած մնացել ա կողքին կանգնած, էստեղ սազն առավ ու մի խաղ ասավ։
Մենք խնդրեցինք Օվակիմ բիձուն, որ էդ խաղն ասի մեզ համար, ու ծեր բոստանչին իր պառավ ձենով խարույկի առաջ երգում էր մութը ձորում.
Հե՜յ, պարոններ, տեսա կանանչ գարունքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա.
Սիրուն հորթը մոլոր կանգնած իր կողքին՝
Էս սարերում լաց էր լինում մի պախրա։