Քեռի Խեչանը մինչև տուն բան չխոսեց։
― Հը՞, ինչ արիք,― հարցրեց կինս։
― Դեռ հալա տեսնենք,― պատասխանեց քեռի Խեչանը։
― Էլ ի՞նչ տեսնենք, մատյանումը գրած չի, վերջացավ գնաց,― մեջ մտա ես։
Քեռի Խեչանը տնքաց։
― Վերջացավ, վերջացավ, ես էլ ինչ ճամփով եկել եմ, էն ճամփովն էլ ետ կերթամ մեր տունը,― վճռեց ու վշտացած նստեց, սկսեց չիբխին զոռ տալ։
Ճաշի ժամանակն եկավ։ Լուռ նստած ճաշում էինք. հանկարծ քեռի Խեչանը ճաշն ընդհատեց ու ինձ դիմեց.
― Բա էս որ հիմի գնամ՝ քեռեկնկանդ ի՞նչ ասեմ։
― Ընչի՞ համար։
― Էս մետրիկականի։
― Վա՛հ, չկա, չկա, քեռի Խեչան. տերտերը գրել չի, չկա։
― Է՜, դե ասում ես, է՜լի։
― Ինչպե՞ս թե ասում ես, էլի․ քեզ ասում են՝ չկա։
Քեռի Խեչանը դարձյալ տնքաց ու չիբուխը սարքեց։ Ճաշից հետո մտա իմ առանձնասենյակը, որ հանգստանամ։ Մտածում էի, թե էս ինչ տեսակ մարդիկ են մեր գյուղացիք․․․
Մին էլ տեսնեմ՝ ներս մտավ քեռի Խեչանը։
― Քնո՞ւմ ես։
― Հա՛։
― Բա էս քնելու ժամանակ ա՞։
― Բա՛ ինչ անեմ, քեռի Խեչան։
― Ախր ես եկա էստեղ մնացի, բա ի՞նչ ես ասում։
― Ի՞նչ անեմ, քեռի Խեչան։
― Էս մետրիկի համար բա ի՞նչ ես անում։
― Վա՛հ, զարմանալի մարդ էս, այ մարդ, քեզ հայերեն ասում են՝ չկա՜, չկա՜, քեռի Խեչան։
― Դե լավ, լավ, էլ ինչ ես նեղանում, չկա, ես էլ կգնամ մեր տունը։ Մնաս բարով,― ու քրթմնջալով դուրս գնաց։
― Գնաս բարով. դե ինչ անեմ, որ չկա։
Վեր կացա՝ տեսնեմ՝ քեռի Խեչանը պատշգամբում նստած չիբուխ է քաշում։ Գլխարկս վերցրի, որ տանիցը դուրս գամ։