Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին գալիս, այնինչ սրանց հարկավոր էր մի գույժ, մի անհաջողություն, որ փառավորվեին։ Եվ ահա պատեհ առիթ գտան։ Մայիսի 1-ին Գալֆայանը «Օթելլոյի» մեջ խայտառակվեց Փարիզում…

Մեզ ու ձեզ մեծ ավետիք։ Սկսեցին հրճվել, գրել ու պարծենալ, թե իրանք ինչ մարգարեներ են, միշտ խելոք բաներ են ասում, բայց լսող չկա… Եվ դեռ իրանց հրճվանքն ու հայհոյանքը չվերջացրած, Մուրճի աշխատակից պարոն Սևյանը խրոխտալով կանչում է. «Այժմ եկավ, հասավ ժամանակը, երբ «քարերն» անգամ սկսան աղաղակել (?), աշխարհին գուժելով հայ բեմի, հայ գեղարվեստի անունը ցեխի հավասարեցնող իրողության մասին (Փարիզում ներկայացրած «Օթելլոյի» մասին է մեր խոսքը)։ Այդ նույն մեզ անպատվող, անարգող, «բթամիտ» հորջորջող պարոնը (այսինքն ես) լռիկ մնջիկ, անտարբեր (?) իր քնարն է լարում (?), չունենալով իր սխալված լինելը հրապարակով, մամուլի միջոցով հայտնելու քաղաքացիական քաջությունը» (Մուրճ, № 6, էջ 699)։

Շատ եք վռազում պ. Սևյան։ Ես գիտեի, որ դուք բոլորդ տոն էիք կատարելու, վերջին էի սպասում։ Հենց նոր դուրս եկավ Մուրճը ձեր դատավճռով հանդերձ և ահա ես ձեր առաջ։ Ամենքիդ մի քանի խոսք ունիմ ասելու։

Պ. Սևյան, ես տեղեկացա, որ դուք դերասան եք։ Ձեր ծածկանունը բաց չեմ անում և խոստովանում եմ, որ, հիրավի, դուք փորձառու և շնորհքով դերասան եք։ Բայց, չնայելով ձեր փորձառության և շնորհքին, վերջերս հայոց բեմի վրա խայտառակեցիք Շեքսպիրի մի դրաման, և այդ մասին բողոքներ տպեցին մեր լրագիրներում։ Այս հանգամանքը հիշելով ես ձեզ նվաստացնելու դիտավորություն չունիմ, այլ միայն ուզում եմ ձեզ հետ այսպես խոսել և հարցնել։ Պ. Սևյան, դուք, որ միշտ թատրոնի մեջ եք ապրում, ներկայացնում ու ներկայացումների մասին եք գրում, քաջ գիտեք և չեք կարող չխոստովանել, որ բեմի համար նույնիսկ շատ կարևոր, փորձված ու հռչակ ունեցող դերասաններ (ինչպես դուք) միշտ պատահում է, որ տապալում են ոչ թե Օթելլո, Մակբեթ ու Շեյլոկ, այլև շատ հասարակ դերեր, այն էլ Բաքվի ու Թիֆլիսի բեմի վրա մեր րեցենզենտների առջև։ Արդ, ասացեք