Մշակը գտնում է, որ Ադամյանը խաղում է անբնական, արվեստական, տգեղ կերպով։ Լյուսի Դիդիե պիեսան ներկայացնելուց հետո ռուսաց Кавказ թերթը գովում է և մի բժիշկ, որ շատ խելագարներ է ուսումնասիրել ու բժշկել, ռուսաց թերթում վկայում է, որ Ադամյանը այդ պիեսում խելագարի տիպը շատ ճիշտ ու բնական է ներկայացնում։ Մշակն, ասում է՝ չգիտենք, որքան ճշմարիտ է նկատել գժերի բժիշկը, մեզ այդպես չի թվաց, և եթե մի տեղ լավ է խաղացել Ադամյանը, «այդ պատահմունք է միայն»։ Ապացուցանում է, որ երկու տեսակ տաղանդներ կան, մեկը տանելի, մյուսն անտանելի, և գտնում է, որ Ադամյանը իսկի անտանելի, տաղանդ էլ չի։ Ասում է՝ «նրա անբնական շարժումները, մատների ծռելը, աչքերի չռելը, անհաստատ քայլելը, ձեռքերի դողալը, բոլորը մեր ասածների ապացույցներ են» (Մշակ, 1879, № 224)։
Ի նկատի առեք, որ այս ժամանակ Ադամյանը մի նորելուկ չէր և արդեն այնպես հսկայաբար էր առաջ գալիս, որ նույնիսկ Մշակը ստիպված պետք է խոնարհեր, լեզուն փոխեր և այսպիսի բաներ գրեր. «պ. Ադամյան արդեն վաղուց (իմա երբ մենք հայհոյում էինք) սիրելի է դարձել մեր հասարակությանը (որին նույնպես հայհոյում էինք, թե ինչու են ծափահարում) և ավելորդ է նկատել, որ երբ Ադամյանը բեմի վրա է, ամբողջ հասարակությունը գրավվում է նրանով» և սրանման բաներ ու задним числом փայփայանքներ։ Ահա ձեր Մշակի հռչակավոր դասերից մեկը, որ սկսվել է «Մենք չենք հասկանում» խորհրդավոր խոսքերով, որոնք այսօր, երբ որ ամեն բան կատարվել է վերջացել, սև, խոշոր տառերով դրոշմված, Մշակի վրա ծանրանում են իրանց իսկական նշանակությամբ, անմերժելի ապացուցանելով նրա տաղանդներ որոշելու և նրանց դասեր տալու անընդունակությունը։
Ահա ձեզ «շատերից մի օրինակ», պարոններ։ Ահա ձեզ մի նմուշ, թե ինչպես է դաս տալիս Մշակը և որքան հոտառություն ունի տաղանդ ճանաչելու և գնահատելու։
Դուք ոչ թե տաղանդներին վկայականներ ու դասեր տալու իրավունք պետք է վերապահեք ձեզ, այլ դեռ պետք է ճգնեք