1900
ՇԵՔՍՊԻՐ. ՀԱՄԼԵՏ
Թարգմ. Գարեգին հ. Բաբազյան. Վիեննա, 1899,
Մխիթարյան տպարան
Թարգմանությունը ապակու տակ դրած մի վարդ է. գրեթե անկարելի է, որ թարգմանիչը տա բնագրի հարազատ բույրն ու հրապույրը։ Սակայն միշտ պահանջելի է, որ նա հավատարիմ մնա գործի մտքին և հասկանալի տա ընթերցողին։ Այս պահանջը մեծանում է մանավանդ, երբ թարգմանվում է այնպիսի մի երկ, որի ամեն մի խոսքն ու նախադասությունը, չափած ու կշռած, ունեն իրանց խոր նշանակությունն ու հաստատ տեղը։ Այսօրինակ գործերից է Շեքսպիրի Համլետը, որ անգլերենից թարգմանել է պ. Բաբազյան։ Այս Համլետի երրորդ հայերեն թարգմանությունն է։ 1889 թվին Թիֆլիսում հրատարակվեց պ. Ս. Արծրունու թարգմանությունը։ 1894 թվին Թիֆլիսում հրատարակվեց Համլետի երկրորդ՝ Հովհաննես Խան-Մասեհյանի արած թարգմանությունը անգլերենից։
Վերջապես ահա երրորդը — պ. Բաբազյանի թարգմանությունը, նույնպես բնագրից, տպված Վիեննայում։ Պ. Բաբազյան, որ՝ հավակնություն չունի խորհելու, թե իր թարգմանությունը թերություններե զերծ եղած լինի, հրատարակում է այն, քանզի պ. Ս. Արծրունու թարգմանությունը անչափ տարբեր է բնագրից, իսկ պ. Մասեհյանի թարգմանությունը «որի վրա քննադատություններ եղան ազգային թերթերի մեջ, չի ներկայեր այն հանգամանքները, զոր այսպիսի կարևոր գործի մը թարգմանությունը կպահանջե»։
Չգիտեմ, բացի թերությունները, որ թարգմանիչը խոստովանում է, թե իր գործն էլ կունենա, ուրիշ ինչ հանգամանքներ