— Այս Լուչիանոս անուն մեկն է, եղբորորդի թագավորին։
Օֆել.— Դուք խմբերգին տեղը շատ լավ կըբռնեք, տեր իմ։
Համ. — Պիտի կարենայի բացատրել, ինչ որ ձեր և ձեր սիրահարին մեջ կդառնա, և այլն։ 95։
Խոսքը բացատրության մասին է և իշխանը պարծենում է՝ իբրև լավ բացատրող։ Բայց ինչ ունի այստեղ խմբերգը։ Պ. Մասեհյանն էլ գործ է ածել երգիչների մի ամբողջ խումբ։ Այս хор բառն է, որ ռուս թարգմանիչներն իրանց թարգմանությունների մեջ хор էլ թողել են։ Хор — Շեքսպիրի ժամանակները կոչվում էր այն մարդը, այն դերասանը, որ խաղամիջոցներին դուրս էր գալիս պիեսի մութ տեղերը բացատրում, մեկնում և զբաղեցնում հասարակությանը։ Մեր թարգմանիչները երևի այս хор-ը շփոթել են հունական хор-ի հետ և առաջ է եկել այսպիսի կոպիտ սխալ՝ բացատրողի փոխարեն դուրս է եկել երգիչների խումբ։
Համլետ, մոր հետ տեսակցության տեսարանի մեջ, վարագույրի հետևից սրով զարկում է Պոլոնիուսին և բացականչում.
— Մեռած, տոլարի մը համար մեռա՜ծ. 108։
Համլետ ասում է,— «Մի դուկատ գրավ կգամ, որ սա մեռած է», ինչպես թարգմանել է պ. Մասեհյան։ Հանգ<ուցյալ> Ադամյանն իր դերի մեջ իր ձեռքով գրել է գրավ կդնեմ, որ մեռավ, այո մեռավ։
Թագավորը Համլետին հայտնում է, որ պատրաստվի Անգլիա երթալու։ Համլետ այդ խոսակցության մեջ ասում է․
— Մնաս բարյավ, սիրելի մայր իմ։
Թագ.— Եվ հայրդ, որ կըսիրե քեզի, Համլետ։
Համ.— Իմ մայրս․ հայր և մայր՝ այր և կին է․ այր և կին մի մարմին է․ այսպես ուրեմն մայր իմ։ Օ՛ն յԱնգղիա։ 125։
Այս տողերը կարդացողը կարող է կարծել, թե Համլետ մնաս բարյավ է ասում մորը, այնինչ մայրը իսկի չկա այդ տեսարանում։ Պ. Մասեհյան պարզ է դուրս բերել.
Համլետն ասում է. …Մնաս բարև սիրելի մայր իմ։
Թագ.— Ես քո սիրող հայրդ եմ, Համլետ։