Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/152

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թիֆլիսի պարսիկ գլխավոր հյուպատոսին և Դաշնակցությանը։

Ղազախի և մեր սահմանի վրա թյուրիմացություն է պատահել․ գնում ենք այնտեղ մի 50—60 ձիավոր, որ կարողանանք խաղաղությունը պահել գոնե այս կողմը։ Չեք կարող երևակայել, թե քանի-քանի մարդկանց կյանք կարողացանք ազատել և խաղաղությունը պահել մեր ձորերում։ Մեր սահմանակից Ղազախի թուրքերը շատ լավ են վարվում։ Մի քանի անգամ բանակցություններ ենք ունեցել, թե մեր, թե նրանց ժողովրդի մեջ սաստիկ մեծ է խաղաղության ցանկությունը։ Երկու կողմից էլ խուլիգան մարդիկ են խառնում։ Եվ այնպես հեշտ են խառնում, որ զարմանում է մարդ։ Եթե դժար մի բան կա՝ դրա առաջն առնելն է։

ԼՈՌԵՑԻՆԵՐԻ ԿՈՉԸ

Մեր հայրական-պապական բարեկամ, մեր դարավոր հարևան Ղազախի մուսուլմաններին։

Լոռու ժողովուրդը լսեց, որ Ղազախի մեր հայ ու թուրք եղբայրների մեջ գժտություն է ծագել․ լսեց, որ ամոթալի ու անմիտ կռվով խախտվում է երկու կողմի հարևանությունն ու բարեկամությունը. լսեց, որ հրացան են արձակում գյուղերի վրա, երեխաների ու կանանց վրա, իրար որդի են սպանում, իրար տուն են քանդում, իրար խոտ կրակում, իրար ապրանք քշում։ Ինչո՞ւ համար — ոչ ոք չի հասկանում։ Ինչպես խոտ են կրակում, այնպես էլ կրակ են գցել, ժողովուրդը միջին այրվում է և հանգցնող չկա։ Անխելքները վեր են կացել, գազան կտրել, խելոքներն էլ խելքները կորցրել, շվարել, մնացել են։ Երկիրն իրար է խառնվել:

Եթե այդ երկու կողմերը երկու զորք լինեին, կասեինք՝ մի օր մեկը մյուսին կհաղթի, կջարդի, կանցնի-կգնա։ Բայց սրանք երկու հարևան ժողովորդ են, որ միշտ ապրելու են իրար կողքի, որ երբեք չեն մոռանալու մեկը մյուսի արածը՝ որդին են սպանել, տունն են կրակել, կինն են անպատվել․ և որդեցորդի մնալու է ոխն ու թշնամությունը, որդեցորդի