Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրադարան, հարուստ հայկական և կովկասագիտական բաժիններով, որ առանձնապես թանկ են մեզ համար։

Արդ, ո՞վ կառնի իր վրա այս մեծ ու անհրաժեշտ գործի նախաձեռնությունն ու հոգսը։

Կովկասի հայոց Բարեգործական ընկերությո՞ւնը, որ այս օրերս էլ պ. Տիգրան Էնֆիաճյանից նվեր ստացավ նրա հանգուցյալ հոր՝ նույնպես հայկական բաժնով ճոխ գրադարանը. Ներսիսյան դպրո՞ցը, որ արդեն ունի մի հին գրադարան, թե՞ մի ուրիշ մարմին։

Ահա այս հարցը դնում ենք Թիֆլիսի հայ ինտելիգենտ հասարակության առջև։

ՀԱՅՈՑ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՍՆԱՄՅԱԿԸ

1858 թվականին Թիֆլիսում Ներսիսյան դպրոցի տպարանից դուրս եկավ աշխարհաբար մի գիրք «Վերք Հայաստանի, Ողբ Հայրենասերի» վերատառությամբ, շարադրություն Խաչատուր Աբովյանի։ Այս այն երջանիկ գիրքն է, որ հայոց նոր աշխարհիկ գրականության առաջին հիմնաքարն է ընդունված։ Եվ ահա այս տարի լրանում է այդ գրքի տպագրության—հայոց նոր գրականության սկզբնավորության հիսնամյակը։ Մի հոյակապ առիթ՝ մի մեծ համազգային տոն կազմելու, վերարծարծելու, կենդանացնելու շատ նվիրական զգացմունքներ ու գաղափարներ, որոնցով ոգևորվել է, այո՛, ժողովուրդը, և մի ընդհանուր հաշիվ տեսնելու այն գեղեցիկ երկերի ու գործերի, ինչ որ կարողացել է տալ հայի հանճարը էս հիսուն տարում։ Գուցե կարելի կլիներ և արժանավայել ձեռնարկություններով հավերժացնել հայ մտքի այդ տոնը—նորանոր ուսումնարաններ ու գրադարան-ընթերցարաններ բանալ, կենտրոնական համազգային գրադարան կամ թանգարան հաստատել, կամ հիմնել հայոց գրական ֆոնդը, նրանով միանգամ ընդմիշտ վերացնել ամեն մի գրողի հոբելյանին փող հանգանակելու սովորությունը և հոբելյանները վերածել զուտ գրական տոների։