Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արդյոք հասկանո՞ւմ եք, թե ի՛նչ եմ ասում, ո՛վ լուրջ կրիտիկոս Դրամբյան։

Վերջացնենք։

Այո՛, «Ս. Հայկունին մեռավ հետին չքավորության մեջ, ինչպես մեռան Րաֆֆիները, Գամառ-Քաթիպաները, Մուրացանը, Պարոնյանը և ուրիշները»։ Լավ. բայց դրա համար իմ դե՞մ եք ղալմաղալ անում, ո՜վ դուք մեռելների սիրահար ու կենդանիների թշնամի Դրամբյան, ո՜վ ամեն շնորհքի հավիտենական ոխերիմ Դրամբյան, ամեն բարի աշխատանք ուրացող, ամեն ազնիվ ու գեղեցիկ գործի չարախոս ու չարակամ Դրամբյան, և, ավա՜ղ, անվերջ, անմահ Դրամբյան։

Ցավում ու գովում եք մեռելներին։ Վաղն էլ, անկասկած, կգովեք և ինձ. ինձ, որից, էսօր, հորդորում եք մանուկ սերունդին—երես դարձնի։ Կգովեք։ Բայց գիտե՞ք, թե ձեր գովասանքը ձեր հայհոյանքից ինչքան ավելի ծանր է ու գարշելի, ինչպես և զզվելի է ձեզ հետ վիճելը։

Եվ էս պատասխանը գրելուց առաջ ես վարանքի մեջ էի—լռեմ ու բանագողություն ընդունեմ ինձ վրա, թե՞ պապասխան տամ սրան․ երկուսից ո՞րն է ավելի տգեղ ու անպատվաբեր։ Եվ, անշուշտ, ձեզ հետ վեճի բռնվելը շատ ավելի տգեղ է ու անպատվաբեր, բայց պատասխանեցի, որովհետև ինչպես արդեն ասել եմ, դուք մեր կյանքում, դժբախտաբար, «սովորական երևույթ» եք, թեև միաժամանակ միանգամայն ոչնչություն։

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄՈՒԹԻ ՄԵՋ

Շուլավերցի իմ մի բարեկամը մի անգամ ինձ հետևյալ պատմությունն արավ.

— Բեհբութովի կռվի տարին[1] Ղարս տանող ռազմական ճանապարհը մեր գյուղովն էր անցկենում։ Զորանոց չկար, և մեր գյուղում գիշերող զորքը բաժանում էին գյուղի վրա, ամեն մի տան մի կամ մի քանի զինվոր էին տալի պահելու։

Երեխա էի։ Մի իրիկուն մեծ ախպերս հանդիցն եկավ,

  1. Ակնարկում է 1853-1856 թվականների ռուս-տաճկական պատերազմը, որին մասնակցել է հայ գեներալ Վասիլ Բեհբութովը (1791-1858)։