ստեղծելու և տխուր շփոթություն՝ արժանավորի ու անարժանի, գեղեցկի ու տգեղի, լավի ու վատի։
Շատ է տգեղ։ Օրինակ առնենք ուրիշներից։
Անցյալները խոսեցինք էն մասին, թե մեր հարևան ժողովուրդները մեզ չեն ճանաչում, մենք էլ նրանց ու հաճախ ընկնում ենք ցավալի թյուրիմացությունների մեջ («Հորիզոն», № 40):
Բայց կա ցավի ավելի մեծը, ավելի ամոթալի մի դրություն: Մենք մեզ էլ չենք ճանաչում:
Երկիր ունենք―չենք ճանաչում, պատմություն ունենք―չենք ճանաչում, ժողովուրդ ունենք―չենք ճանաչում, գրականություն ունենք―չենք ճանաչում, լեզու ունենք―չենք իմանում:
Մտածում ենք. ի՜նչ մեծ պակասություն է դատարկ աշխարհագրական էն տգիտությունը, որ մեր երկիրը չգիտենք: Չենք հասկանում, թե էդ չգիտենալով ինչքան բան չգիտենք: Չէ՛ երկիրն է իր առանձնահատկություններով, որ պայմանավորում է ու բացատրում և՛ պատմություն, և՛ գրականություն, և՛ գեղարվեստ, և՛ տնտեսական վիճակ, և՛ մարդկային հայտնի տիպ ու հոգի: Նա է որոշում ազգերի ճակատագիրը, առանց նրա բնավորությունը հասկանալու, ո՛չ կարող ես անցյալդ ըմբռնել, ո՛չ ներկադ հասկանալ, ո՛չ ապագադ տնօրինել:
Պատմություն ունենք―տգետ ենք: Եվ դժբախտաբար դեռ մի կարգին պատմության գիրք էլ չունենք, թեև քիչ ժողովուրդ կունենա էնքան նյութ իր պատմության համար, ինչքան մենք ունենք: Նախնական մշուշի մեջ թաղված դարերի մասին չեմ ասում, այլ էն ժամանակների ու անցքերի, որոնց վրա ընկնում է ճշմարիտ պատմության լույսը: Չգիտենք: Չգիտենք մենք ի՛նչ ենք եղել, ի՛նչ ենք արել, ինչո՛ւ և ինչպես, ի՛նչ օրով, ի՛նչ ճանապարհով ենք էստեղ հասել:
Եվ ի՛նչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը,