Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

 ու մի տեղ հավաքել էդ բոլորը։ Օր առաջ եմ ասում, որովհետև արդեն մոռացվում ու կորչում են. հին սերունդը իր իմացածը հետը գերեզման է տանում, իսկ նոր սերունդը—չգիտի։

Եվ այժմ, քանի գործն էս դրության է, դուք, գավառական թերթերդ, ահագին գործ կարող եք կատարել։ Ձեր էջերում մշտական տեղ հատկացրեք հայրենի երկրի ժողովըրդական բանավոր գրականությանը, նրա ամեն տեսակ ավանդություններին, հեքիաթներին, առակներին, առածներին, հավատալիքներին, սովորություններին, որ հեշտ ու միշտ կարող եք առատ ստանալ ձեր շրջապատից, և ժամանակի ընթացքում մեծ նյութ կդիզեք։ Եվ ձեր շատ բաժինները եթե վաղը չէ, մյուս օրը կկորցնեն իրենց արժեքը, բայց էդ անկյունը քանի գնա, ավելի ու ավելի կարևորություն կառնի, ու ապագա սերունդը, մանավանդ գրականությունը, շնորհակալ կլինի ձեզանից ու ձեր հրատարակությունները կպահի իր գրադարանում լավագույն գրքերի հետ։

ՌՈՒՍԱՀԱՑ ԳՐՈՂՆԵՐԻՆ
(Նամակ խմբագրությանը)

Ընկերներ, «Հայ գրողների» առաջին հատորը սպառվելու վրա է, շուտով կլինի երկրորդ տպագրությունը։ Մենք գրքի հառաջաբանում հայտնել էինք, որ այդ գիրքը լինելու է սեփականություն բոլոր գրողների։

Արդ, Թիֆլիս եղած գրողներին կխնդրենք անձամբ գալ խորհրդակցելու, իսկ Թիֆլիսից դուրս եղողներին խնդրում ենք նամակով պատասխանել այս հարցերին.

1. Առաջին տպագրության մեջ մի քանի գրողներ չեն մտել մոռացությամբ։ Չեն մտել նաև ո՛չ բելետրիստներ, հրապարակախոսներ, պատմաբաններ, բանասերներ։ Պե՞տք է նրանց գրվածքներից դնել երկրորդ տպագրության մեջ թե չէ, և կամ ինչ գրվածքներից ինչքան։

2. Ի՞նչ փոփոխություն կուզեիք անել նոր տպագրության մեջ։