Երկուսն էլ խոսք ու մին արած թագուհու տեղը բերել են մի ջահել աղջիկ նստեցրել ու առաջը կանգնել որոտում են.— «Քո հասակում արդեն արյունը սառած է լինում ու կիրքը հանգած…»։ Երկու անճոռնի նկար են կախել․ մինը—գեղեցիկը իբրե Համլետի հայրն է, մյուսը—տգեղը, հորեղբայրը։ Հայոց ներկայացմանը մեկի վրա են հարձակվում, որպես տգեղի, ռուսաց ներկայացմանը մյուսի։ Հոր ուրվականի մասին հենց իրենք են ասում, թե մորուքը թուխ էր, բայց ճերմակ մազեր էին փայլում մեջը, և ներկայացնում են մի կոշտ ճգնավորանման արարած մինչև ծնկները երկար, տափակ և ճերմակ մորուքով։ Մի կույր ճգնավոր կամ պառավ սալդաթ, բայց բնավ արեսանման արքայի ուրվական, որ իր անօրինակ վշտով հանդիսավոր ու վեհորեն անցնում է բեմի մթության մեջ։ Եվ կարծես ավելի ևս իլլյուզիան փչացնելու, հանդիսականներին համոզելու համար, որ նա ուրվական չի, պ. Ամո Խարազյանը ետևից սրի մի հարված հասցրեց՝ շրխկացնելով «անխոցելի ստվերի» թիկունքին։
Խոսքը մասնավորենք հայոց խմբի վրա։
Հայերը չէին գրել թե ում թարգմանությունն են խաղում, բայց երևում էր, որ ռուսերենից արած մի թարգմանություն էր, և էն էլ անհաջող թարգմանություն։ Ասում են՝ «ո՜րքան բարեծնունդ արարած է մարդը», փոխանակ ասելու «ազնիվ արարած»։ Ռուսերեն благородный բառն է, որ բարեծնունդ են թարգմանել, և անշուշտ благородие-ն է պատճառը։ Փոխանակ Էնեաս ասելու, ասում են Էննե, փոխանակ Պյուռոսի—Պիրուս, փոխանակ կախարդի—սքանչելագործ, հին ասելու տեղ—ասում են առաջնակարգ, մահվան քնի մեջ—ասում են մեռյալ քնի մեջ, փոխ. իշխանավորների-իշխանասերներ, փոխանակ՝ ի՞նչ պետք է անենք—ինչ պետք է անես, փոխ. Պելիկանի—ձկնորս թռչուն, փոխ. հորեղբոր կինը—հորաքույրը, և այլն։ Դրա վրա ավելացրեք էս տեսակ հայերենը՝ «աչքներիս մոտով անցավ», խնջույքները լուրեր են տարածել կամ էս արտասանությունը՝ «Ձեռդ թակավոռական հռամանը կատառեցինք» (Ռոզենկրանց)։ Եվ երևակայեցեք, որ էն էլ հաճախ կզկզում են, դերը չեն իմանում, կամ էնքան