խոսքը հայ ժողովրդի վիճակի վրա է, և ասում եմ. իմ սրտին շատ է ծանրանում էս ժողովրդի ճակատագիրը, սրա պատմությունը, էն սոսկալի դրաման, որ կոչվում է հայոց պատմություն ու էնտեղից են բխում նրա գործերի վրա եղած իմ հայացքն ու մտածմունքը։ Եվ ինձ մոտիկ ճանաչողները լավ գիտեն իմ վերաբերմունքը մոտանցյալ դեպքերի ժամանակ, որ եղել է շատ որոշ և ժամանակին դուր չի եկել շատ շատերին։ Իսկ առաջիկայում եթե տպագրության տամ մի համառոտ պատմական տեսություն, որ արել եմ Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի»–ի 50-ամյակի առիթով, դուք էլ, թեկուզ համաձայն չլինեք հետս, գոնե կտեսնեք, որ «անտեղի մտքերը» միշտ տեղ են ունեցել իմ մեջ, և ես առաջ եմ գալի ոչ թե «տիրող հանգամանքներից», այլ մի արյունոտ հողից, մի անօրինակ զարհուրելի պատմությունից, մի հոշոտված ժողովրդից, ուր ինձ բանաստեղծ է արել ճակատագիրը ու ներշնչել է անկեղծ լինել ամենից առաջ։
ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԵՆԸ
Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթը մի շրջաբերականով հարցնում է մեր գրողներին ու գործիչներին, ի միջի այլոց և ինձ, թե.
«Հայկական տառերուն՝ արաբական տառերու փոխարեն՝ թուրքերու կողմ են թուրք լեզվի համար որդեգրվիլը, հայ լեզվին և գրականության օգտակար պիտի ըլլար, թե՞ վնասակար»։
Ես կարծում եմ էս հարցին պատասխանելու համար պետք է դեռ հարցնել, թե էդ երկու ժողովուրդներից ո՞րն է ավելի մեծ, որի՞ լեզուն ու գրականությունն է ավելի ուժեղ։ Նրանից հետո պարզ կլինի և պատասխանը, թե նույն տառերով գրել կարդալը որի՞ համար կլինի վնասակար և որի՞ համար օգտակար։
Եթե թուրքերը հայկական տառերը որդեգրեն, դրա հետևանքն էն կլինի, որ նրանք մեր լեզվով գրածը կկարողանան