դնել չեք կարող։ Դրա նման և շատ ուրիշ բառեր, որ մաքուր հայերեն չեն։ Եթե էդ օտարամուտ բառերի փոխարենը դուք ունեք—ինչ խոսք։ Եթե ձեր լեզուն ընդունակ է հարազատ թարգմանելու կամ հարմար բառեր շինելու, տելեֆոնին հեռախոս ասացեք, տելեգրաֆին հեռագիր կամ վելոսիպեդին հեծանիվ, բայց հո չի կարելի ամեն բան էլ թարգմանել կամ շինել, էքսպրոպրիատորը ճողոպրիստ, ինչպես արել են մեր պոլսահայերը, տրամվայը քարշակ անվանել, հանգ. Գամառ Քաթիպայի նման, խավիարը ձկնկիթ կամ ֆրակը պոչազգեստ։
Ավելի ձախորդն էն է, որ Մեղրյանը օրինակ է բերում ռուսաց և եվրոպական գրականությունները, թե նրանք ինչքան մաքուր լեզվով են գրում իրենց մանուկների համար։ Ուրիշ խոսքով՝ իրենց լեզվի մեջ օտար բառեր չեն ընդունում։ Էս հո արդեն էնքան է սխալ, որ ես հերքելն ավելորդ եմ համարում։ Գրեթե ամեն մի նոր եվրոպական բառ, ինչ որ հայերը շինում են կամ թարգմանում, ռուսները նույնությամբ առնում են ու տալիս իրենց երեխաներին։
Ո՛չ. թե՛ ժողովրդական, թե՛ գրական լեզվի մեջ լեզվական փոփոխությունները եղել են միշտ, կլինեն միշտ, և շատ է գեղեցիկ, որ էդպես է. միայն թե պետք է իմանալ շնորհքով, խելացի առնել ու տեղը գործածել, ահա խնդիրը։ Իսկ ինչ վերաբերում է ժողովրդական բարբառներից օգտվելուն, դա ոչ թե դատապարտելի է, այլ հենց դա է բնական ճանապարհը կայտառ ու կենդանի լեզու ստեղծելու։ Բավական էր՝ մեր երեխաներն այլևս չպետք է սարսափեն «հա՛» ասելիս, և մայրերն այլևս չպետք է մատներն սպառնալի թափ տան նրանց վրա. «հա՛» ասացի՞ր, ի՞նչպես կարելի է, ասա՛ «այո՛»։ Բավական էր. նզովքը պետք է վեր կենա «հաի» վրից, իբրև թե նա գռեհիկ է. դրա մեջ ոչ՛ առողջ միտք կա և ոչ էլ ճաշակ։