հաշիվների շուրջը փոթորիկներ հարուցանելով կտան մեծ խնդիրների կերպարանք։
Վա՜յ էն ժողովրդին։
Անվերջ նորանոր դեպքեր են գալիս հիշեցնելու, որ մեր մեջ դեռ թագավորում է էն վայրենի հասկացողությունը, թե մեր դպրոցներում հոգաբարձուն աղա է, ուսուցիչը՝ ծառա։ Աղա և էն էլ կոպիտ, անմարդավարի աղա, որ երբ ուզենա կարձակի իր ծառային և բացատրություն էլ չի տալ, թե ինչո՞ւ է արձակում։ Էս տեսակ տեղեկություններ են գալիս, շարունակ գավառներից, գյուղերից, ծխական ուսումնարաններից, ուր հոգաբարձու են տգետ գյուղացիները, էսպես է և քաղաքներում, միջնակարգ դպրոցներում, ուր հոգաբարձուներն իրենց զարդարել են ինտելիգենտ ու հառաջադիմական տիտղոսներով։ Կատարյալ դժբախտություն։ Արձակված է Հովնանյան դպրոցի ամբողջ ուսուցչական կազմը և ոչ մի բառ բացատրություն։ Աղաները տեսչի միջոցով միայն մի բառ՝ «ազատ են…»։ Եվ 24 հոգի ուսուցիչ-վարժուհի չգիտեն ո՛վ և ի՛նչպես է պատասխանելու էս հարվածին ու վիրավորանքին։ Ճիշտ էսպես վարվեց և նախկին հոգաբարձությունը մի քանի վարժուհու վերաբերությամբ։
Նույնը արել է 1906 թվին և Ներսիսյան դպրոցի հոգաբարձությունը իբրև ձևականություն ու նորից ետ է առել իր որոշումը, բայց ժամանակ է վերջապես դատապարտելու և նման ձևականությունները։
Վերջ չկա։
Մեր խորին վրդովմունքն ենք հայտնում Հովնանյան դպրոցի հոգաբարձության բարբարոս վարմունքի համար և մեր անկեղծ ցավակցությունը ուսուցչական կազմին, որը, ինչ տեսակ էլ լիներ, արժանի էր, որ իր հետ մարդավարի վարվեին ու բացատրություն տային ճանապարհ դնելիս։