գնովի կամ ձեռք բերովի մի խաղալիք է եղել և է, շատ է միակողմանի։
Ասում է Արևելքում (Քյոռօղլին) կինը որ ձանձրացնում է, թողնում են, կարծես թե Արևմուտքում եթե ձանձրացնում է, շարունակում են պաշտել ու երգել։
§10-ում նկատելով հունական փիլիսոփայության վերջին ձևի—նոր պլատոնականության ազդեցությունը, X—XII դդ. ուժեղանում է Վրաստանում ու ի մի ձուլելով հունական և արևելյան կրոնա-փիլիսոփայական աշխարհայացքները, լայնացնում է վրացու մտավոր հորիզոնը ու հեշտացնում է գրական մերձավորությունը մահմեդական աշխարհի հետ, և ընդգծելով պարսկական գրականության ու Աստվածաշնչի ազդեցությունը, հարգելի պրոֆեսորը անցնում է աստծո պաշտամունքին ու ճգնավորների նախանձախնդրությանը վրացական հոգևորականության մեջ՝ մի կողմից, կնոջ պաշտամունքին ու ասպետների նախանձախնդրությանը վրաց ֆեոդալական աշխարհում՝ մյուս կողմից, ջանում է պարզել էն հասարակական հոգեբանական պայմանները, որ Վրաստանում հեշտացրին մուսուլմանական-իրանական զրույցների զուտ աշխարհիկ ասպետական իդեալների ընդունելությունն ու զարգացումը։ Ասում է՝ աստծո պաշտամունքին նվիրված ճգնավորները, որոնց ազդեցությունը VII—XII դդ․ մեծ է եղել Վրաստանում, քաշվում էին անապատները, վայրենանում, կյանքից կտրվում՝ անբաժան ու բոլորանվեր սիրով աստծուն նվիրվելու և նրան պաշտելու համար ու անապատներում հիմնում էին մենաստաններ կամ ապրում էին առանձին-առանձին։
Էս օրինակով կնոջ պաշտամունքն էլ առաջ է բերում իր հերոսները, և ահա դուրս են գալի և ասպետականության սուրբ մարդիկը—մեջնունները (վրաց․ միջնուրի, հայ. մեջլում), սիրո մարգարեներն ու բանաստեղծները, որոնք նույնպես սիրում են մենակությունն ու քաշվում են կյանքից՝ առանձնության մեջ իրենց մտածմունքները ամփոփելու, կենարոնացնելու իրենց պաշտած կնոջ «աստվածային գեղեցկությունը» փառաբանելու ու անձնվիրություններով ու սխրալի գործերով միայն նրան ծառայելու։