Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չմեռան ու չանհետացան իսպառ, այլ շարունակեցին ապրել ու ազդել՝ փոփոխվելով, աղճատվելով ու առնելով նոր բովանդակություն։ Մենք մինչև անգամ ենթադրում ենք (և շատ շնորհակալ կլինեինք, եթե պ․ Մառը կամ այլ ձեռնհաս մարդիկ սրա վրա հայտնեին իրենց Կարծիքը), որ մեր Շարականները ոչ մեր հոգևոր հայրերի բացատրած «Շարականցն» են, ոչ էլ հանգ<ուցյալ> Էմինի ասած արաբական «շեր»—երգ բառիցն են ծագում, այլ ավելի շուտ կապ ունեն շարք—Արևելք, սառակինոս—արևելցի և նման բառերի հետ, և նշանակում են՝ Արևի երգեր, Արևի ծագման, Արևին նվիրած երգեր, և իրենք էլ մեծ մասամբ նվիրված են Արևագալին, Արևին ու լիքն են Արևով։

ՎԱՐԱԳԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Վանից արևելք բարձրանում է Վարագա լեռը, ուր, ավանդությունն ասում է՝ ապաստան գտան հեթանոս Հռոմից հալածական քրիստոնյա Հռիփսիմե իշխանուհի օրիորդն ու իր ընկերուհիները և թաղեցին Քրիստոսի խաչափայտի մասը, որ բերել էին իրենց հետ։ Ահա էս սրբությունն է, որ տոնում է հայոց եկեղեցին Վարագա խաչի անունով, և էս խաչի ու էս սարի վրա է կանգնած Վարագա հռչակավոր վանքը, ուր հնում թաղվում էին Վասպուրականի թագավորները։

Անցյալ դարի կեսերում Հայոց աշխարհքի վրա մի արծիվ էր պտտվում։ Պտտվեց, պտտվեց ու Վարագա սրբազան բարձունքը, Վարագա հոյակապ վանքը ընտրեց իրեն բույն։ Նա, էն կորովի արծիվը, ապագա Հայոց Հայրիկը, արծվենի հայացքով նկատել ու չափել էր համատարած խավարը, որ տիրած էր իր հայրենի երկրին և գալիս էր ջահ վառելու Վասպուրականի բարձրությունների վրա, չորս կողմը լուսավորելու, և անելու ամեն բան, ինչ որ «ազգին միության, հայրենյաց շինության, եկեղեցյաց բարեզարդության և հայ մանկտվույն լուսավորության կվերաբերին»։ Ու 1857 թվին ձգեց փրկարար գործի և գործունեության հիմքը։