Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և՛ պետության համար, որ ազնիվ քաղաքացիներ է հասցնում, և՛ աշխարհքի համար, որ լուսավոր մարդիկ է տալի, նա, ուսուցիչը ունեցել է գրեթե ամենավատթար վիճակը մեր մեջ։ Նա միշտ եղել է հալածված ու թափառական մի տեղից մյուսը, մի դպրոցից մյուսը, մի հոգաբարձության քմահաճույքից մյուսը, սիրտը կոտրած, լքված, բեկված ու արհամարհված։ Նրա ռոճիկը կտրելը անցել է իրերի բնական կարգը, նրա աղքատությունն ու քաղցածությունը համարվում է սովորական երևույթ և հալածելը՝ անպատասխանատու մի գործ։ Նրա վրա իրավունք ունեն նրա բարձր գործին-ուսման և ուսումնարանի հարգին ու կարգին անգետ մարդիկ, որ կարող են դատել նրան, ազատ համարել երբ քեֆներն ուզենա, ու էս ամենի առջև դողում է նրա մաշված սիրտը։ Եվ ժողովրդի սուր միտքը նրա թշվառ վիճակը հավերժացրել է մի շատ ցավալի բացականչության մեջ. «Վա՜յ քու օրին, վարժապետ...»։

Էն վերջին ծառան էլ գիտի, որ իր աղեն իրեն դուրս անելիս պետք է ասի, թե պատճառն ի՛նչ է. ադաթ է, կարգ է, ամենատարրական մարդավարությունն ու արդարությունն են պահանջում, բայց հայ վարժապետը զրկված է եղել նույնիսկ էն ծառայի իրավունքից։ Եվ սա եղել է ընդհանուր օրենք. տեսուչ, հոգաբարձություն թե հոգևոր իշխանություն՝ չեն քաշվել էսպես վարվելու ո՛չ միայն դժբախտ գյուղական ուսուցիչների հետ, որ ընկած են մեր երկրի էս կամ էն խավար անկյունները, գրեթե կիսավայրենի մարդկանց մեջ, այլև մեծ քաղաքներում, կենտրոններում, համալսարանական մարդկանցից բաղկացած ուսուցչական մեծ կազմերի հետ։

Էս վերաբերմունքը դառնությունով լցրել է հայ ուսուցչի կյանքն ու սիրտը։ Եվ ահա Հովնանյան դպրոցի դեպքը, շատ դեպքերից մինը, եկավ լցնելու համբերության բաժակը և հրապարակ հանելու նրա լայնածավալ զայրույթը։ Միահամուռ եռանդուն բողոքները, կենտրոններից սկսած մինչև մեր գավառների խուլ անկյունները, լայն կերպով հրապարակ դրին նրա արդար դատը, և ամենքը, ամեն անհատ, ամեն մարմին, որոնց հետ կապված են նրա գործն ու պաշտոնը,