գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք, իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդությունով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանճպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում, մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։
Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու, տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայիլ նրա գործին վնասելու։
Հոգևորական է, ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք—միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից,