Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առասպելն ասում է, թե տիկին Սաթենիկն այրվում էր վիշապազունների (Արգավան նահապետի) տռփական սիրով*):

Եվ դրա համար էլ, որպես թե՝

Տիկին Սաթենիկը սաստիկ ցանկանում էր արտախուր խավարտ և տից խավարծի Արգավանի բարձերից։

Սակայն ինչ են այդ արտախուր խավարտն ու տից խավարծին, որ Սաթենիկը ցանկանում է յուր սիրած Արգավանի բարձերից։

Մեկնիչներից շատերը վաղուց գտած լինելով, որ սրանք բույսեր են, միևնույն ժամանակ մերժել են սրանց բուսական նշանակությունը և ուրիշ զանազան բացատրություններ են տվել առասպելին, տարակուսելով, թե ինչու համար պետք է լինեն այդ բույսերը սիրահարված թագուհու տենչանքի մեջ։

Ահա, հենց այդ հարցի պատասխանը պետք է գտնել։

Իբրև բույս ընդունելով այդ բառերը՝ արդեն կամուրջ էր ձգվում անցնելու բացատրության մի ուրիշ աշխարհ, դեպի մեկնության մի ուրիշ աղբյուր՝ բույսերն ու ծաղիկները և նրանց հնումն ունեցած խորհրդավոր նշանակությունը սիրո գործում։

Այս շավիղը բռնելով, և իբրև բույս ընդունելով այդ անհասկանալի բառերը, սկսեցի քրքրել հին սիրերգը՝ գլխավորապես իմ ընտրած առարկան հասկանալու նպատակով։ Ես էլ ինձ համար բանալի ընտրեցի ժողովրդական երգերն ու կախարդանքները, սկսեցի որոնել դրանց մեջ ծաղիկների ու խոտերի կախարդական զորությունը և նշանակությունը սիրո պատմության մեջ, ենթադրելով, որ մի ժամանակ, և այսօր էլ, կախարդական զորություն ունեցող ճանաչված խոտերն ու ծաղիկները կարող էին գործածված լինել այնպես, ինչպես գիրը, մազը, շորի կտորը, որ դնում են բարձի մեջ ու տակ, և այլ տեղերում, սիրտ կախարդելու, սիրահարեցնելու նպատակով։

Իմ այս հետաքրքրության և հետամտումների ժամանակ, 1894 թ. № 3 «Արարատում» դուրս եկավ Հ. Միաբանի հոդվածը «Հայկականք Ը.», նույն հատվածի մասին։