Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԱՅԵՐԵՆ ՉԳԻՏԵՆ

Ասում ենք հայերեն չգիտեն, ընթերցողն էլ կկարծի թե՛ խոսքը Վրաստանի հայերի վրա է։ Դժբախտաբար նրանց վրա չի մեր խոսքը, այլ հայ ուսուցիչների, էն ուսուցիչների, որ դուրս են եկել մեր թեմական դպրոցներից և Ներսիսյան դպրոցից ու ճեմարանից։ Նրանք են, չնչին բացառությամբ, որ հայերեն չգիտեն։ Փորձի համար մի շարադրություն տվեք գրելու էդ մարդկանց և կտեսնեք, որ փորձանքի մեջ ձգեցիք։ Սովորաբար հասարակ համաձայնությունները չեն կարողանում հաշտեցնել իրար հետ, իսկ եթե բարդ նախադասություններ պատահեցին, էդ հո արդեն միևնույն է, թե ընկան մի անելանելի լաբյուրինթոսի մեջ։ Ոչ միայն կանոնավոր շարադրել չեն իմանում, այլև հաճախ ուղղագրական ու լեզվական անտանելի սխալներ են անում։ Ավելին կասենք։ Ոչ միայն կանոնավոր գրել չգիտեն, չգիտեն և կարգին հայերեն խոսել ու իրենց միտքը պարզ հայտնել, գոնե իրենց տգետ ծնողների նման։ Եվ էս օրին են ոչ միայն հայերեն լեզվին խորթ օտարախոս տղերքը, այլև նրանք, որ գալիս են հայկական գավառներից։ Եվ շատ շատերը իրենք են խոստովանում էս պակասությունը, որ կարգին հայերեն չգիտեն, շատ քչերի բացառությամբ։

Ի՞նչպես բացատրենք էս չափազանց տխուր երևույթը։ Ի՞նչպես կբացատրեն իրենք՝ մեր թեմական դպրոցները և Ներսիսյան դպրոցն ու ճեմարանն ավարտած մարդիկ։ Եվ ի՞նչ կասեն, մանավանդ, մեր նշանավոր հայկաբանները, ճեմարանի հայկաբան դասատու պ. Մ. Աբեղյանը և Ներսիսյան դպրոցի—պ. Ստ. Մալխասյանը։

Ի՞նչ է պատճառը։

ԵԼՔԸ

Հովնանյան դպրոցի հոգաբարձությունը արձակված ուսուցչական կազմից 16 հոգու հրավիրում է վերստին պաշտոնի և այժմ հարց է առաջ գալի, թե ինչո՞վ պետք է վերջանա խնդիրը, որ էսքան մեծ աղմուկ հանեց։