ու տեսուչը, փոխանակ հին, նման դեպքերով իրենց վարմունքն արդարացնելու և, ինչպես «Մշակում» հայտնած էր, իրենց շավղով անշեղ ընթանալու երդում անելու, հազար անգամ ավելի լավ կանեին մտածեին բավարարություն տալու և՛ ուսուցչական կազմին, և՛ վրդովված հասարակությանը։ Եվ չպետք է դժվարանան։ Իրենց արածը հայոց դժբախտ դպրոցներում ընդունված ավանդական սովորություն է եղել։ Մարդիկ—ուսուցիչները թողնված են եղել հոգաբարձուների խղճմտանքին ու քմահաճույքին։ Եվ դա շատ ծանր է եղել։ Էլ տանել, դենը գնալ չի՛ կարելի։ Պետք է ետ կենալ էդ շավիղից, դա արդեն դատապարտված է ընդհանուրից։ Եվ ինչպես Հովնանյան դպրոցի վրա պայթեց ցասումը եղած անարդարության դեմ, թո՛ղ Հովնանյան դպրոցից էլ սկսի նոր, մարդավայել վերաբերմունքը դեպի հայ ուսուցիչն ու նրա լուսավոր գործը։ Դրա համար մեծ առաքինություն չի հարկավոր։ Անպատճառ վերևից չպետք է լինի հրամայած, որ մարդիկ մարդավարի վարմունք ունենան, էն էլ ինտելիգենտ մարդիկ։
Եվ այնուհետև միայն ուսուցիչները բարոյական իրավունք կունենան ընդունելու իրենց առաջարկված պաշտոնները։
Էս է միակ ելքը։
Իսկ մեր բարձր հոգևոր իշխանությունը, վերջապես, գոնե էսքան բողոքներից հետո, պետք է կանոնավորի ուսուցչի դրությունը։ Պետք է նկատի, որ նա դրված է գերու վիճակի մեջ։ Նա միշտ պատասխանատու է հոգաբարձուի առաջ, իսկ հոգաբարձուն պատասխանատու չի ոչ ոքի առաջ, և բացատրություն էլ չի տալիս ոչ ոքի, թե ինչո՛ւ է նրա հետ էսպես վարվում կամ էնպես։ Մինչդեռ նրա կողքին պետական դպրոցի ուսուցիչը իրեն արձակողին կարող է կանչել պատասխանի ու գործը հասցնել մինչև լուսավորության նախարարությունը և արդարություն ու պատիվ պահանջել։
Պետք է ստեղծել մի ընտրովի բարձր մարմին, մի ապաստան հայ ուսուցչի համար, ուր նա կարողանա դիմել հալածված ժամանակ։