Հովնանյան դպրոցի դեպքը մի բացառիկ երևույթ չէր։ Էդպես է եղել մեզանում ամեն տեղ։ Եվ ամենքը զզված էին էդ դրությունից, հարկավոր էր մի կաթիլ էլ, որ բարկության բաժակը լցվեր, ու էդ կաթիլը եղավ Հովնանյան դպրոցի դեպքը։
Պետք է երևույթը հասկանալ ու նոր, ավելի լավ դրության համար մի ճանապարհ մտածել, բայց մեզանում մանր կրքերն էնքան են տիրում մարդկանց, որ մի հրապարակական խնդիր բարձրանալիս իսկույն բաժանվում են զանազան մութը խմբակների, ծառանում իրար դեմ ու միանգամից կորցնում են առաջները կանգնած հարցի ներքին իմաստն ու իրավունքը ըմբռնելու և նրա վրա լուրջ մտածելու կարողությունը։ Եվ հարցը, ինչքան էլ ինքն իրեն լայն լինի դրված, մին էլ տեսաք նեղացավ, փոքրացավ, դարձավ ասեղի ծերի չափ չնչին մի բան։
Հովնանյան դպրոցի դեպքը մի նոր քննությունն եղավ րելյեֆ ցույց տալու մեր նեղ հայացքն ու նեղսրտությունը։
Հոգաբարձուները, որ պարզ տեսան իրենց սխալը — էնքան արիություն ու առաքինություն չունեցան՝ խոստովանեն և ուղղեն, շինեցին թայֆայական պատվասիրության գործ, համառեցին շարունակ անվերջ բողոքների դեմ անմտորեն կրկնելով. «Հապա ո՞րտեղ էին այդ բողոքները այն ժամանակ, երբ Լևոն Սարգսյանին հեռացրին»...
Ասացին, ցույց տվին, որ էն ժամանակ էլ են բողոքել, նրանք շարունակեցին. «հապա ո՞րտեղ էիք այն ժամանակ»...
Հարցրին, թե՝ եթե դուք էն ժամանակ բողոքում էիք, ինչո՞ւ այժմ նույնն եք անում։ Նրանց շարունակեցին՝ «հապա ո՞րտեղ էիք այն ժամանակ»...
Քանի անգամ գրեցին, թե էն ժամանակ միայն էդ չի եղել, դրա նման դեպքեր շատ են պատահել, այժմ էլ չենք ուզում պատահի։ Միշտ նույնը «հապա ո՞րտեղ էիք էն ժամանակ»…
Եվ եթե զիջում արին, էն էլ միայն մի բան ապացուցեց, որ մարդիկ ընդունակ չեն ինքնակամ առաքինության, մինչև չլինի վերևից ստիպողական հրաման կամ արտաքուստ բազմության ճնշումը։