Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/246

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ մի՞թե Դուք չեք տեսնում ու չեք զգում, թե ինչքա՜ն է սա անմիտ ու անճաշակ։ Մի՞թե չեք տեսնում, որ հոնքը շինելու տեղ աչքն էլ հանում եք։

Եվ ինչպես եք Դուք հայոց լեզվից հանելու մուրազը. արդեն նա ասում է անմուրազ, մուրազատու․ ինչպես եք դուրս քշելու մարալն ու ջեյրանը, որ մտած են նույնիսկ եվրոպական գիտական գրքերի մեջ. ինչպես եք մերժելու ղարիբը, որի մոլի պաշտպանը չեմ, բայց որը մտել է ձեր բոլոր երգերի ու նույնիսկ Մաշտոցի մեջ և մի շարք թաղման երգեր կոչվում են «ղարիբաթաղի» երգեր, ինչպես եք ջնջելու զիլը, որի հոմանիշը չեք նշանակում կամ նամն ու նազուքը, որ մտել են ձեր կլասիկների գրվածքների մեջ…...

Հապա էս մի քանի բառի փոխարեն եթե էն մի քանի հարյուրը հանդես դնեինք, որ ասում եք գիտեմ, էն ժամանակ տեսնեիք, թե ինչ դուրս կգար։

Էսպես։ Երկու տարբեր ճանապարհներ են, պ. Մեղրյան, և ձեզանից ու ինձանից չի սկսվում էս կռիվը մեր գրականության մեջ։ Մինը Մոսկովյան ուղղությունն է, մյուսը Արարատյան։ Մի ճամփի սկզբին կանգնած է Ստ. Նազարյան, մյուսին Խ. Աբովյան։ Էս երկու ճանապարհներից թե որն է ճշմարիտն ու կենսունակը-էդ հետո կտեսնենք։ Հայ ժողովուրդը իր միջից իրար ետևից սերունդներ է դուրս ղրկում դեպի ուսումնարանական ու գրական ասպարեզները, և նրանք կվճռեն էս խնդիրն ու ցույց կտան, թե որ ճանապարհով է գնալու հայոց գրական լեզուն, էն լեզուն, որ կազմվելով ու ճոխանալով հանդարձ միայն մի խորհուրդ ու մի իմաստ ունի-խոսել հայ մարդու, հայ ժողովրդի սրտին։

Մի նկատողություն էլ։ Դուք, պ. Մեղրյան, գրում եք, իբրև թե «նա (այսինքն՝ ես) ուզում է հավատացնել, որ եվրոպացիներն ու ռուսներն իրենց երեխաներին ավելի աղավաղած, ոչ մաքուր լեզվով գրվածքներ են հրամցնում, քան մենք հայերս», ու վերջումն մի-մի հարցական ու զարմացական եք տնկում։ Կարդացեք, խնդրում եմ, № 103 «Հորիզոնը» նորից և տեսեք ես ինչ եմ ասել, դուք ինչ եք դուրս բերում։