Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԵՐ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թիֆլիս, 26 սեպտեմբ.

Մեր թերթի երեկվա №--ում հաղորդեցինք, թե Կովկասի հայոց հրատարակչական ընկերությունը իրեն ուղարկված բազմաթիվ նյութերը գտել է անարժեք, այլև աննշան հեղինակներից արած թարգմանություններ ու ոչինչ չի կարողանում հրատարակել։

Տխուր հայտարարություն, որ սաստիկ ծանրանում է մարդու սրտի վրա։

Ինչո՞ւ չեն հաջողում մեր հրատարակչական ընկերությունները։

Ի՞նչն է պատճառը։

Նախկին Թիֆլիսի Հայոց հրատարակչական ընկերություն էլ մի նախանձելի կյանք չուներ և շարունակ ստիպված էր դիմելու զարտուղի միջոցների՝ իր շատ համեստ գոյությունը պահպանելու և ավելի քան համեստ գործ կատարելու համար։ Նրանից հետո Բաքվի կուլտուրական ընկերությունն սկսեց հրատարակչական գործ, դարձյալ անհաջող։ Եկավ Բաքվի Ղուկասյան հրատ․ ընկերությունը, մինչև անգամ պատրաստի դրամագլխով։ Կրկին բան չի դուրս եկավ։

Էն օրվանից, ինչ Թիֆլիսի Հայոց հրատ․ ընկերությունը փակվել էր, ամենքն էլ հառաչում էին նրա վերարացման համար։ Վերջապես վերաբացվեց ավելի ընդարձակ ծրագրով․ ամեն տեղ հրճվեցին, ողջունեցին, և ահա... կես տարվա նիստերից հետո նորաբաց Հրատ․ ընկերությունը հրատարակում է այդ ցավալի հայտարարությունը։

Արդյոք ի՞նչն է պատճառը, որ հրատարակչական ընկերությունները չեն հաջողվում մեր մեջ։ Հետաքրքրական է իմանալ գիտակ մարդկանց կարծիքը։

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ»

Սերն ու ատելությունը խելք չունեն և իրենց դատողությունների կամ, ավելի ճիշտ, զառանցանքների մեջ սահման չեն ճանաչում։