բոլոր մեքենայությունների տակից ճշմարտությունն ու արդարությունը հանելու համար։
Եվ, հիրավի, արդարությունը մեր երկրում շատ է տուժում մեր այս ցած հատկության պատճառով, այլև կորցնում ենք մեր բարոյական վարկն ու խոսքի արժեքը արդարադատության առաջ։
Եվ ամենուրեք է այս ախտը մեր կյանքում ու լոկ մտածելն անգամ սաստիկ, սաստիկ ծանր է։
ԱՄՍԱԳՐԻ ԿԱՐԻՔԸ
Մի ժամանակ հայ լրագիրը իր մեջ էր ամփոփում նաև գեղարվեստական գրականությունն ու բանասիրությունը։ Ժամանակի ընթացքում հասունացավ ամսագիր ունենալու կարիքը։ Եկավ «Մուրճը»։ Երեք խմբագրություն փոխեց, մի քանի հրատարակիչ ունեցավ, եղած գրական ու գիտական ուժերից շատերին հավաքեց իր շուրջը, բայց այնուամենայնիվ տասնամյակը չբոլորած ստիպված եղավ դադարելու1։ Դադարեց, որովհետև ամսագրի բաժանորդ ու ընթերցող այնպիսի բազմություն չկար, որ կարողանար պահել։ Էլ չենք խոսում նրանից առաջ եղած ու դադարած ամսագիրների ու հանդեսների մասին։
«Մուրճը» դադարեց և ռուսահայ մամուլի մեջ դարձյալ բաց մնաց ամսագրի տեղը։ Այս տարվանից «Մշակին» կից սկսեց լույս տեսնել «Արորը», սակայն նա էլ չկարողացավ գրական ուժեր գրավել, հենց էն գլխից «Արարատի» տպավորությունն արավ ու մնաց եղած–չեղած։
Դարձյալ զգացվում է ամսագրի կարիքը։ Եվ ահա «Հորիզոնի» № 218-ում, պ. Սիմ. Տեր-Մինասյանը անում է «Մի կարևոր առաջարկ» — հավաքական ուժերով Թիֆլիսում ձեռնարկել մի ամսագրի հրատարակության։ Այդ գործի նախաձեռնությունը հանձնարարում է Թիֆլիսում գտնվող հայ գրականագետներին, որ նրանք կազմակերպեն ու տանեն:
Ժողովուրդը մի գեղեցիկ առած ունի, ասում է՝ «մերկ մարմնիս կատու շալակելն էր պակաս»։ Հիմի հայ գրողներին