Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ազգի անցյալն ու ներկան, մոտենան ուժ տալու այս շատ գեղեցիկ հիմնարկությանը, մեր ուսուցիչներին ու ամեն տեղ ցրված կարող մարդկանց, որ աջակցեն օր առաջ հավաքելու մեր հին կուլտուրայի ու կյանքի մնացորդները և այսօրվա եղածը ի մի, որ տեսնենք ի՛նչ ենք ունեցել ու ի՛նչ ունենք։

ՀԱՑՈՑ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ


Վաղը բացվում է Թիֆլիսի հայոց թատրոնը և բացվում է Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայով։

Մենք չգիտենք ինչ է պատճառը, որ հայոց թատրոնն այսպես ուշ է բացվում, թատրոնի վարչությունը դեռ բացատրություն չի տվել հրապարակավ, բայց ինչ էլ որ լինի, լավ չի։

Դերասանական խումբը ընդհանուր առումով հաջող է կազմված, թեև, դժբախտաբար, դուրսն են մնացել մեր հին ու փորձված դերասաններից մի քանիսը։

Ռեպերտուարին գալով մենք մի կարևոր նկատողություն ունենք անելու։ Ամեն մի ժողովրդի թատրոն թատրոն է ամենից առաջ ինքնուրույն ռեպերտուարով։

Դա է, որ թանկ պիտի լինի թատրոնի համար և նրա հաջող գործերը չպետք է հնացած համարվեն ու դուրս ընկնեն, և եթե մինը կամ մի քանիսը դուրս են ընկնում՝ միայն այն դեպքում, երբ այդ ռեպերտուարը շատ է մեծ ընտրության համար։ Այժմ ինչքան է մեծ հայոց ինքնուրույն ռեպերտուարը, որ նրա եղած աչքի ընկնող գործերն էլ դուրս թողնենք։ Սակայն Դրամատիկական ընկերությունը ոչ թե դրանցից մինը կամ մի քանիսն է դուրս թողել, այլ բոլորը և միայն մի հատն է վերցրել՝ Շիրվանզադեի «Պատվի համարը», այլևս ոչ մի պիես ո՛չ Սունդուկյանից, ո՛չ Ահարոնյանից, ո՛չ Փափազյանից և ո՛չ ուրիշներից։ Սա կնշանակի լավ չգնահատել ինքնուրույն գործը։

Չլինի՞ նրա համար, որ հին են։

«Մշակն» էլ զարմանում է, որ Դրամատիկական ընկ<երության> վարչությունը սեզոնը բաց է անում հին պիեսով։