Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

Ռուսաց մեծ գրողը և մեծ մտածող-փիլիսոփան։ Հայրը կոմս էր ու հարուստ կալվածատեր։ Մի կալվածք ուներ «Յասնայա Պալյանա» անունով։ Այդ կալվածքում ծնվեց ու աչքը բաց արավ Լև Տոլստոյը։ Աչքը բաց արավ, տեսավ իրենք փարթամ, հարուստ, իրենց ձեռքի տակի գյուղացիները խեղճ ու աղքատ, և սկսեց մտածել դրա վրա, թե ինչու պետք է այսպես լինի։ Մեծացավ, կյանք մտա, տեսավ իրենց կալվածքից հեռու ամեն տեղ էլ այդպես է և դեռ ավելի վատ — մարդիկ իրար զրկում են, տանջում են, հալածում են, կոտորում են։ Ու ատեց Տոլստոյը շռայլ կյանքը, ատեց բարձր դիրքը, սկսեց գրել, գրել իր ամբողջ կյանքում, գրել ու քարոզել, որ մարդիկ իրար չզրկեն, չհալածեն, չկոտորեն, այլ հաշտ ու խաղաղ ապրեն, մեկ մեկու օգնեն ու սիրեն եղբոր նման։ Նա գրում էր թե մեծերի և թե փոքրերի համար, որ մարդը ոչ միայն իր նման մարդուն պիտի սիրի ու խղճա, այլև անասուններին— ամեն մի շունչ կենդանու։

Ահա նրա այդպիսի մանկական գրվածքներից մեկն է «Պառավ ձին», որ տալիս ենք «Հասկերի» այս համարում։

Նա մեռավ այս տարի ու այս ամսին, 83 տարեկան հասակում։ Թաղվեց նույն Յասնայա Պալյանայում, ուր ծնվել էր և այն բլուրի վրա, ուր սիրում էր խաղալ մանուկ ժամանակ։ Ամբողջ աշխարհքը ողբաց նրա մահը, որովհետև նա մտածում, ցավում ու գրում էր ամբողջ աշխարհքի համար։

ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Հրապարակի վրա դրված է մեր նշանավոր վիպասան և դրամատուրգ Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյակի խնդիրը։ Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության վարչությունը, որ գործի նախաձեռնությունը առել էր իր վրա, ընդհանուր ժողով հրավիրեց, ուր և ընտրվեց հոբելյանական հանձնաժողով։ Այսպիսով առաջներս է գրական մի տոն։